Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/232

Այս էջը հաստատված է

մորս ծծերիցը պաչեմ, մեղա ասեմ։ Էլ իմ օրումը նրան չոռ չեմ ասիլ. միշտ «ջանով» կխոսեմ։ Խեղճը կզարմանա, կասի՝ «էս ոնց էլավ»։ Հալալ ըլի քու կերած կաթը, Արութին ջան, իգիթ ես, իգիթ…

— Դե լա՛վ, շատ մի գովի։ Էնքան խոսեցինք, որ լուսացավ։ Դե, մնաս բարով, ես գնում եմ։

— Գնաս բարով, քե մատաղ,— ասաց Պողոսը և նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Մեր տղեքը համբուրեցին միմյանց. Արությունը հեռացավ ուրախ, զվարթ, իսկ Պողոսն ընկավ խոր տխրության և մտածության մեջ։

— Ո՞վ էր սա, ո՞րտեղից եկավ. ինչու եկավ, ինչո՞ւ բաժին չստացավ մեր աշխատանքից. և սրա նման շատ հարցումներ արավ ինքն իրան Պողոսը և վերջն այն եզրակացության եկավ, որ Արությունը մի անգին գյուտ էր իր համար, բայց ինքը չիմացավ նրանից օգուտ քաղել բարոյապես։ Այս դեպքից հետո Պողոսի մտածության եղանակը փոխվեց, նա սկսեց երևակայել իրան մի այլ աշխարհ, և միշտ կարոտով սպասում էր Արությունին, որ նա գա և մտցնե նրան այդ նոր աշխարհը։ Արությունն այլևս չհանդիպեց Պողոսին, բայց նրան հանդիպեցին Արությունի նման մարդիկ, որոնք հետզհետե ծնունդ առան և ժամանակակից լուսավոր մտքերը տարածեցին մեր երկրի մութ ու մոռացված խորշերում և անկյուններում։