Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/234

Այս էջը հաստատված է

որ կողմով որ ես պետք է երթայի հաց ուտելու: Ես հասա նրա քամակից և երեխայական հետաքրքրությամբ սկսեցի երեսին նայել, ոտքին նայել, և այսպես գրավվելուս համար մի քանի անգամ էլ ոտքս քարին դիպչելով վեր ընկա և կարմրեցի, բայց չընդհատեցի մի նկատողությունքս։

Մի վայելչակազմ երիտասարդ էր այս մարդը, նորաբույս բեղերով ու մորուքով, խոշոր աչքերով ու խիտ ունքերով։ Մի գեղեցիկ հրացան ուներ, որ արծաթաբանդ լինելով՝ վառվում էր, անդրադարձնելով արևի ճառագայթները։ Արծաթաբանդ էր և ատրճանակը, որ խրած էր արծաթի քամարի տակ, որից կախ էր արած և արծաթապատ խանչալը։ Այսպիսի զարդարանք չեն ունենում օրական աշխատանքով ապրող գյուղացի երիտասարդները, այլ նրանք միայն, որոնք հնձում են, առանց ցանելու կամ ոչ ցանում են, ոչ հնձում են, այլ «Յա' ղսմաթ» ասելով՝ մի գիշերային ճամփորդություն են անում իբրև զբոսանք և առատ գրպաններ որսում մութ անտառներում։ Երիտասարդը ամենևին ուշք չէր դարձնում ինձ վրա և կարծես չէր տեսնում, որ ես որսկանի շան պես իր չորս կողմովը պտուտ էի անում և քիչ էր մնում ոտքի տակն ընկնիմ։ Այսպես շարունակվեց մեր ճանապարհորդությունը, և ես մոռացա, որ արդեն գյուղից դուրս ենք եկել։ Այս ժամանակ նոր արդեն տեսավ ինձ երիտասարդը և սկսեց հարցնել։

- Դու ո՞ւր ես գնում, բա՛լա ջան։

Ես շփոթվեցի և նոր աչք բացի, տեսա որ հեռացել եմ ճանապարհից, սկսեցի կցկտուր կերպով պատասխանել, թե ես գնում եմ հաց ուտելու։

– Դու ո՞ւմ տղան ես,- հետո հարցրեց։

Ես պատասխանեցի։

— Հա՜… մեր… տղան ես… Դե գնա, բալա՛ ջան, գնա' հաց կեր:

Մեր… ասելով, ի՞նչ ուզեց ասել, չհասկացա, բայց բնազննությամբ ենթադրեցի, թե սա իմ ազգականը պետք է լինի, բայց ինչո՞ւ այսպես սառնությամբ է վարվում ինձ հետ, իմանալով, որ ես այստեղ օտար եմ. պետք էր որ այստեղից գգվեր ինձ, ինչպես իմ մյուս բարեկամներս անում էին պատահած ժամանակը։ Ես սկսեցի ավելի խոր նայել երեսին և անշարժ կանգնել։ Նա դուրս եկավ ճանապարհից, վեր բերավ ուսից յուր արծաթաբանդ