Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/241

Այս էջը հաստատված է

անհնարին բան էր, որ մի անգամ Արզումանին տեսնողը չսիրահարվեր նրա վրա. իր բարեկազմ և կատարելատիպ հասակի հետ մի գրավող և քարշողական զորություն էլ ուներ այդ տղան։ Այդ հատկությամբ նա կախարդում էր իր բոլոր ընկերներին և ամեն մի խումբ կազմելիս միշտ նրան էին ընտրում իրենց գլխավոր, նա էր լինում տնօրենը, առաջնորդողը, հրամայողը։ Նրան սիրում էին յուր թշնամիներն անգամ ու շատ անգամ տեղը եկած ժամանակ ասում էին. «Մի ձի չի, մենք գիտենք, որ դու ես տարել, բայց քու չարին փոխ ըլի»։ Պետք է այս էլ գիտենալ, որ այս գեղացիքը այն գեղացիներիցը չեն, որոնց մեջ մի քաջ երիտասարդի երևիլը հազվագյուտ բան լիներ, և այդպիսի մեկը երևելուն պես սարսափ գցեր ամբողջ գյուղի վերա։ Գող Եղիկը, որ սարսափեցնում էր ամբողջն Շիրակը, այս գյուղը մտած ժամանակ հավի պես կուլ էր գալիս, գիտեր, որ այս տեղի ամենահետինը անգամ իրան բանի տեղ չի դնիլ:

Դ

Կեսգիշերը մոտ էր լրանալու։ Լուսնյակը մի ջիդաբոյ (նիզակաչափ) բարձրացել և արեգակի ճառագայթները գողանալով սփռել էր մի անկողնու վրա։ Այդ անկողինը մի սրահի մեջ էր, որ ուղիղ դեպի արևելք էր նայում։ Նախընթաց գլխում հիշված ցանկապատի մեջն էր այդ սրահը, և Մարիամն ու Հերիքնազն էին նույն անկողնու մեջ պառկած։ Քնո հրեշտակը տարածել էր նրանց վրա իր թևերը և շատ քաղցր երազների մեջ էին նրանք այս րոպեիս։ Մարիամի մարդ Շամիրը, որ իր բոլոր կյանքը որսորդությամբ էր անցկացնում, այժմ քաղաք էր գնացել յուր աշխատությանց պտուղը տնական կարիքների հետ փոխանակելու: Նա հրացանը երկու գնդակով լցրել, կախել էր կնոջ մոտ, խստիվ պատվիրելով, որ մի անհավատարիմ ոտք էդտեղ մտնելուն պես առանց երկար մտածության զոհվի դրան։ Հերիքնազն էլ իր համար մի ատրճանակ ուներ և դրա վրա միշտ փորձ անելով ուզում էր իր սիրածի ունեցածին հասցնել յուր ճարտարությունը։ Երբ իմանում էր այսինչ նշանի խփելու խալաթը Արզումանը ստացավ, նա այդ օրը մի տասն