Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/255

Այս էջը սրբագրված է

այսոլամենայնիվ սոցա մեջ ևս կա սեր, բարեկամություն, հավատարմություն, մեծահոգություն և այսպիսի գովանի հատկությունք: Միայն երկու բաների համար խաթրապահություն չկա. այդ երկու բանն է՝ հողը և ջուրը, սոցա համար է լինում կռիվը սաստիկ, և շատ հաճախ գործը հասնում է մարդասպանության։ Բայց առայժմ այդ խնդիրների վրա չխոսենք, որ շատ չհեռանանք մեր բուն պատմությունից։


Մի շատ տխուր կերպարանք ստացավ Դ... գյուղը, ոչ մեկի բերնում ժպիտ չէր երևում, ոչ մեկի երեսին ծիծաղ չէր գալիս։ Մարիամն ու Հերիքնազը նույնպես մասնակից էին հասարակաց տխրությանը։ Մի կողմանե թեև ուրախ էին, որ Արզումանը հաղթող էր հանդիսացել և ոչ հաղթվող, բայց... մյուս կողմանե էլ լավ գիտենալով, որ այդպիսի հաղթության մրցանակը աքսոր է ու մահ, սաստիկ տխրում էին։


Շամիրը դեպի ոչ ոք համակրություն չէր ցույց տալիս, այլ միայն նախանձում էր, որ ինքը մասնակից չի եղել այդ կռվին, որ իրա վրա էլ խոսեին։ Նա կարծում էր, թե ինքը հաղթող կհանդիսանար և այնուհետև՝ ոչ ոք չէր համարձակիլ անհավատարմությամբ նայել իր տան վրա։ Սպանվածներից երեքը ճաղացանց տանիցն էին։ Թեպետ սրանք քան զշուն շատ էին, քան զգել առավել, բայց այսուամենայնիվ երեք մեռել միանգամից տանը գտնվելով, քարացրել էին Թաթոսին և չէր իմանում որի վրա սգա, որի գլուխը լա։ Նրա խղճմտանքը տանջում էր։ Նա սպանությանց մասնակից էր համարում ինքն իրան, ըստ որում ինքն եղավ նրանց գրգռողը, ինքն ուղարկեց նրանց։ Բայց իր անձը գերդաստանի մեջ արդարացնելու մտոք Արզումանին անիծում էր և հրամաններ էր հանում, որ նրան բռնեն անպատճառ և արդարադատության մատնեն։Քյոխվան վաղուց արդեն այդ մասին տնօրենություն էր արել։ Մարդիկ էր ուղարկել տեղական իշխանությանը իմաց տալու, որ գան ականատես լինին գործի հանգամանքին և վաղը մյուս օրը իրեն չմեղադրեն: Կասկած չկար, որ իշխանությունը գալուն պես պիտի բռնել տալ Արզումանին։ Արզումանի բարեկամներն այդ գիտեին, նրան աղաչեցին, որ փախչի։ Այդ տեղից մոտիկ էր Խրամը, որ հազարավոր փախստական կարող էր պատսպարել։ Մինչև իր թշնամիքը բռնելու մասին կմտածեին, նա արդեն Խրամի զառիվայրից ցած էր իջել, և ո՞վ կարող էր այլևս իմանալ, թե ո՛ր քարափի, կամ ո՞ր քարայրի մեջ է գտնվում։