Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/265

Այս էջը հաստատված է

— Մարիա՛մ, քնած ես, թե զարթուն։

— Արզուման, դու ե՞ս,— ասաց Մարիամը։

— Ես եմ, հո չեք բարկանալ իմ գալուս համար։

— Քոռանամ ես,էդ ի՞նչ ես ասում, Արզուման։ Դա ի՞նչ գիտեիր, որ Շամիրը տանը չի։

— Ես նրան տեսա։

— Նա էլ քեզ տեսա՞վ։

— Չէ՛, նա ինձ չկարաց տեսնի, էս գիշեր նա չի գա, մնաց նախշուն վանքումը։

Այս որ լսեց Մարիամը, միամտվեց և իսկույն վերկացավ տեղիցը, որ Արզումանի համար ընթրիք պատրաստի։

Հերիքնազը լսելով սրանց խոսակցությունը, իսկույն զարթնեց, բայց փոխանակ խնդալու և ուրախանալու, մի խոր տխրության մեջ մտավ։

— Հե՛րիքնազ, քնած ե՞ս։

Հերիքնազը գլուխը բարձրացրեց։

— Ինչի՞ չես խոսում,— ասաց Արզումանը, գլուխը դնելով Հերիքնազի կրծքին, որի անուշ հոտն առել էր մի քանի րոպե առաջ։

— Ի՞նչ խոսեմ,— ասաց Հերեքնազը և սկսավ հեկեկալ։

— Ա՛խչի, լաց ես ըլո՞ւմ։

— Ասում են քեզ պիտի բռնեն, ուղարկեն Սիբիր։ Ա՜խ, ե… ե… ես կը… կը… կը մե՜ռնեմ…

— Լաց մի՛ լինիր, հոգիս, ինձ ոչով չի կարող բռնի,— ասաց Արզումանը և սկսեց գլուխը շոյելով, ճակատից համբուրել։ —Մի՛ վախիր, հո՛գիս, ինձ չեն բռնի։ Մի քանի ամիս անցնի, ամեն բան կհանդարտվի։

— Վա՜յ թե էդպես չըլի։

— Որ էդպես չըլի, էն ժամանակ էլ ուրիշ բան կմտածենք, հիմիկվանից ի՞նչ հարկավոր է դարդ անիլ: Էն ժամանակ քեզ վեր կառնեմ, կերթանք Օսմանլու։ Էնտեղ հայ քրիստոնեք շատ կան, մի քաղաքում, մի գեղում կկենանք, մեր գլուխը կը պահենք։ Թե որ բանն էդպես պատահի, կգա՞ս, որ տանեմ քեզ։

— Քեզ հետ Սիրիր էլ կերթամ, չէ թե Օսմանլու։ Կերթանք Ստամբուլ։ Մարիամին էլ կտանենք։

— Ի՞նչ ենք անում Ստամբոլը. կերթանք Ղարս, Արզրում, էս մոտիկ տեղերը։ Բայց, Հերիքնազ, մի բան եմ ուզում ասել քեզ:

— Ասա՛։