Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/268

Այս էջը սրբագրված է

քերը կենդանացրին իմ օխան ախպորցը։ Հենց իմանում եմ, թե հիմի օխան էլ կշտիս կանգնել, ինձ մխիթարում, ինձ սիրտ են տալիս, թե՝ մի վախենալ, քամակիդ կանգնած ենք։ Իմ սիրուն, իմ աննման Հերիքնազ, երբ որ ձեր օջախն ու մեր օջախը վառ էին, մեր տներին էսպես փորձանքներ չէին գալիս։ Գեղի մեջ մենակ լինելը աշխարհքիս ամեն անբախտություններիցը վատն է։ Էսպես չէք լինի։ եթե մեր մեջ արդար օրենք, արդար դատաստան ըլներ։ Բայց վնաս չունի, ես այսուհետև մենակ չեմ, դու իմ օգնականն ես, դու իմ մխիթարողն ես։ Մինչև հիմա դու իմ նշանացուն էիր, այսուհետև երկու բանով էլ ավելի ես՝ համ քույրս ես, համ ախպերս...


Հերիքնազը փաթաթվեց Արզումանի շլնքովը ու սկսավ նրան մխիթարել։ «Մի, վախենալ, աստված ողորմած է», միայն կարողացավ ասել Հերիքնազը և Արզումանի ճակատից համբուրեց։ Նոքա երկոքյան լռեցին և այս լռության մեջ երջանիկ էին։


ԺԲ


Վերջապես Մարիամը դուրս եկավ և Արզումանին ներս հրավիրեց հացի։


— Դե, դու էլ վեր կաց, Հերիքնա՜զ ջան,— ասաց Արզումանը և ինքը ներս գնաց։ Հերիքնազը երկար սպասել չտվավ, իսկույն հագավ շորերը և գնաց Արզումանի մոտ, նստեց նրա վրա թիկն տվածի պես։


Ասում են մթնի մեջ ավելի վառ է լինում մարդու երևակայությունը, քան թե լուսի. գիշերը ավելի, քան թե ցերեկը։ Բայց արի ասենք, այս երևույթը եթե ճշմարիտ էլ է, մեզ նման մաշված ու մեռած մարդոց համար է։ Անարատ հոգոց մեջ երևակայությունը միապես վառ է, թե ցերեկ լինի, թե գիշեր, թե լույս լինի, թե մութը։ Բայց թողնենք այս փիլիսոփայությունը...


Արզումանը սաստիկ քաղցած էր և առավոտյան էր կերել մի կտոր թուրքի սաջահաց, բայց Հերիքնազին տեսավ թե չէ, ստամոքսն իր պահանջից ետ կացավ։


— Զարմանալի՜ բան է. ես ամենևին իշտահ չունիմ,— ասաց նա,— բայց միտս է, որ էսօր սիրտս թրթռում էր սաստիկ քաղցածութենիցս։