Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/278

Այս էջը սրբագրված է

բնակարանը, ասում էր նրա սիրտը և ուզում էր թռչել դեպի այն կողմը։


Հերիքնազը երկար, երկար ժամանակ նայեց դեպի Մթին ձորը և մի տխուր տպավորության ստանալով, աչքը ձգեց մյուս բլուրների և սարերի վրա, որոնք նույնպես տխրությամբ էին նայում իր վրա։ Մի տխուր նախազգացմունք դրդեց նրան, թե այս վերջին անգամն է, որ զմայլվում է իր ծննդարանի շքեղ տեսարաններով, էլ Կաթնաղբրի ջրիցը չպիտի խմի, էլ Բոխոտ սարի հաղարջիցն ու մոռիցը չպիտի ուտի, էլ Ջուխտակ աճարքու վրա կարմիր թել չպիտի կապի, որ հիշատակ մնա, մյուս տարին գա մի նոր թել ավելացնի, էլ Սարի֊յալի վրա ծաղիկ քաղելու չպիտի գա... Այսպիսի տխուր մտածմունքներից հետո մի թալկություն եկավ վրան, պառկեց ցողաթաթափ ծաղիկների մեջ և քունը տարավ։


Մարիամը տեսավ, որ Հերիքնազը բավական հեռու է մնացել, վախեցավ, թե մի փորձանք չպատահի, մանավանդ նկատելով՝ որ հեռվից ձիավորներ են գալիս այնպիսի արագությամբ, որ կարծես Հերիքնազին փախցնելու են գալիս։ Իր հետ մի խումբ աղջիկ առավ և սկսեց սարիցը վայր իջնել դեպի Հերիքնազը։ Ձիավորները Հերիքնազին չնկատելով՝ ուղղակի դիմեցին դեպի Մարիամի խումբը։ Նրանցից մինը վայր իջավ ձիուցը, Մարիամը ճանաչեց, որ նա Արզումանն էր, և իսկույն մոտ գնաց բարևեց։ Արզումանը մի քանի խոսք ասաց Մարիամին և իսկույն ձին հեծավ ու կայծակի արագությամբ հեռացավ իր ընկերների հետ։ Աղջկերքը ուրդ հասան թե չէ՝ չավ արին ամեն տեղ, թե՝ Արզումանին տեսանք, Մարիամը նրա հետ երկար խոսեց, բայց մենք չիմացանք, թե ինչ խոսեցին։


          Գ


Այս շաբաթ երեկոյին մի առանձին ուրախություն և զվարճություն էր երևում սարեցոց մեջ, մանավանդ ջահել աղջիկների և տղաների։ Միակարգ շարված գագեքի առջև խարույկները ավելի էին թեժացրել։ Կարմրաթուշիկ հարսն ու աղջկերք պատել էին կրակների չորս կողմը։ Մի տեղ շվի էին ածում, մի տեղ երդում, բայց ամենից շատ հավաքվել էին պառավ Հոռոմի մոտ, որ սկես