Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/279

Այս էջը հաստատված է

և մայրություն էր անում ամենքին, և առանց նրա հրամանի ոչինչ անել չէին կարող մյուսները։

Երկինքը բավականին պարզ էր այս գիշեր։ Թեպետ լուսինն արդեն անցել էր արևմտյան սարերի քամակը, բայց այնտեղից դարձյալ օգնում էր երկնքի պայծառ աստղերին և լուսավորում մոտակա սարերն ու ձորերը։ Թաղումը աստեղատունը բավական բարձրացել էր և ցույց էր տալիս, որ մոտ է կեսգիշերը, բայց այս գիշեր կարծես ոչ ոք մտադրություն չուներ քնելու։ Սրա պատճառն այն էր, որ առավոտյան արշալույսին աղջկեքը իրանց քաղած ծաղիկը պետք է տանեին յոթն աղբյուրի ջրով ցողեին, իսկ տավարածները պիտի աշխատեին նրանցից այդ ծաղիկը խլելու։ Սա մի կռիվ էր, որ կատարվում էր տղայոց և աղջկերանց մեջ, որից առաջ է եկել և կա կռվածաղիկ բառը։ Եթե աղջկեքը ծաղիկը խլել տան, պետք է տղաներին ընծաներ տալով՝ ետ առնեն։ Ընծան լինում է մի քանի ջուխտ նախշուն գուլպա և զանազան ուտելիք—ձվածեղ, սեր, գաթա։ Տղեքը այնքան ընծաների համար չէին աշխատում, որքան ազատվելու համար այն ամոթահարությունից, որ պիտի կրեն աղջիկներից, նրանց ծաղր ու ծանակը պիտի դառնան, եթե չկարողանան խլել։ Իրավունք ունին և գողանալու ծաղիկը, որ մի բղուղի մեջ թաքցրած են պահում այս գիշեր։

— Ա՜յ տղեք, քի՞չ լախրահաչի տվեք, գնացե՛ք շնթռկեցե՛ք։ Առավոտները ձեզ վեր կացնել չի ըլում, օրը կեսօր է ըլում, որ կովերն արոտ եք տանում,— ասաց պառավ Հոռոմը բարկանալով տավարածների վրա։

— Հը՜մ, էդ քու բանը չի. ուզում եք մեզ քնացնեք, որ ձեր բանը լավ տեսնեք հա՞. Տղե՛րք, սուտ է ասում, խաբում է մեզ, չքնեք,— ասաց տավարածների գլխավորը։

— Չքնեք էլ, ոչինչ չեք կարող անել, անմեղ եք անուշ քուններդ կոտրում,— ասաց մի աղջիկ հեգնելով։

— Դուք մազ մանեցեք, առավոտը ձեզ կծկիլ կտանք ձեր մանածը,— սրախոսեց մի տավարած։

— Հաչեցեք ինչքան կուզեք, մենք էնքան շատ ենք, որ մեզ ոչինչ չեք կարող անել։

— Ինչքան էլ շատ ըլիք, էլի տակի զոլը ձերն է…

— Վո՜ւյ, գետինը մտնես…

— Քեզ հետ կմտնեմ թեկուզ դժոխքը…

— Քոլ խրատողի էրեսիցը կպչե՛ ս։