Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/292

Այս էջը հաստատված է

Սարդիս քյոխվան այստեղ տերողորմյան գրպանից հանեց և սկսեց թավադների անունը տալով հատիկները ձգել, որ տեսնի քանիսի անունն է միտքը։— Օրբելյա՛նով, Մուխրա՛նսկի, Չաչի՛կով, Բարա՛թով, Թուրքեստանո՛վ, Սուլխա՛նով, Շա՛նշիով, Մելի՛քով, Փիրա՛դով, Փերշա՛նգով, Մուրթուլա՛ձե… է՜հ էլ ո՞ւմ միտն է, քան զշուն շատ էին։ Մեկ տեղից քսան մարդ բռնում էր, ամենքն էլ ասում էին «իմն է»։ Խազնի մարդն ասում էր՝ թագավորական է, Սիոնի տերտերն էլ ասում էր՝ վանքական է։ Բայց էս երկուսը աչքերն էս ու էն թավադի վրա էին գցում, որ տեսնեն որից կարող են շատ փող առնել, որ իրանք ձեռք վերցնեն։ Ի՛րանք, թավանդներն էլ էին մեկմեկու համար վկայություն տալիս, խոսք մեկ էին անում, իրար մեջ բաժանում. չափողներն էլ ջոկ էին շահվում։ Գեղըցոց վկայությունն էլ հազիր էր, որ կողմն ուզում էին, էն կողմն էին շուռ տալիս նրանց, ուղիղ խոսողներին հեռացնում էին, կամ ասածը ծուռ գրում և իրանց ձեռք քաշել տալիս։ Ահա էսպես մեր բոլոր տեղերը մնաց դրանց. մենք էլ ոչինչ չունինք, ո՛չ հող, ո՛չ ջուր, ո՛չ ծառ, ո՛չ խոտ, ամենի համար էլ փող ենք տալիս, էն էլ մեկն երկուսով, ամեն տարի թանկացնում են։

— Որ գիտեիք էդպես է, ինչի՞ չէիք արզա տալիս, ինչի՞ չէիք գանգատվում։

— Բա քիչ ենք արզա տվե՞լ, քիչ ենք գանգատ արե՞լ. էլ դիվանխանա չենք թողել, ամեն տեղ էլ արղա ենք տվել։ Ես հիմի եմ հասկանում, որ մեր բոլոր աշխատանքը զուր էր։ Մենք արզա էինք տալիս, թե՝ «էդ տեղերը մերն է». չէինք իմանում, որ թագավորական տեղը խազնինն է։ Դավին խազնեն պիտի քաշեր, նա պիտի իր ունեցածի տերը դառնար. մենք մեր փողով նրա իրավունքն էինք պաշտպանում, բայց նա մեզ չէր օգնում։ Խազնեն է՛լ էր թավադների ձեռին, դիվանխա՛նքն էլ, մեր խոսքին ո՞վ պիտի ականջ դներ: Շատ անգամ ծեծում է՛լ էինք թավադներին, երբ որ գալիս