Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/314

Այս էջը սրբագրված է

Այսպես Ավագն ու Մարպողոսը իրանց անսուրբ խղճի հետ սուրբ հոդվածներով պայման կապելով, հասան Ավագենց տուն, երեկոյան թեյի։


4

Քսան տարուց ավելի էր, որ Սմբատը հեռացել էր իրանց գյուղաքաղաքից։ Իր ուսումն ավարտելուց հետո սկսել էր վարժապետություն անել ոչ իր ծննդավայրում, այլ ուրիշ քաղաքներում: Սրա պատճառն այն էր, որ ինչպես ասված է, «Տանուտերերին «օրհնյա տեր» չկա» և թե՝ «Մարգարեն իր գավառում պատիվ չի ունենալ»։ Նա հոժար էր իր ծննդավայրում, իր հայրենական տանը նստած՝ ավելի էժան գնով ծառայել, բայց մինչդեռ ուրիշ տեղերում նրան տալիս էին տարեկան հազար մանեթ և ավելի ևս, իր դրացիները չէին հոժարում տարեկան երեք հարյուր մանեթ տալ, որով նա հոժար էր ծառայելու։ Այսպիսի մի նախանձ կար մեր ոչ միայն գյուղերում ու գյուղաքաղաքներում, այլ նույնիսկ նշանավոր գավառական քաղաքներում, ուր իրանց տեղական ուժերից չէին ուզում օգուտ քաղել, չէին պատվում, չէին գնահատում նրանց։ Նրանք էլ սովորաբար դրսից եկածների դեմ պատերազմ էին հայտնում և դպրոցական գործը միշտ տատանման և խռովության մեջ պահում։


Այսպես՝ Սմբատը դպրոցից դուրս գալով իբրև աշակերտ, կրկին դպրոց էր մտել իբրև վարժապետ և երկար ժամանակ այդ շրջանում ապրելով՝ անծանոթ էր մնացել կյանքի մյուս շրջաններին, որոնց մեջ եղած ահագին փոփոխությունը նա չէր նկատել։ Նույնիսկ անցյալին էլ նայավ չէր ծանոթ։


Մանկական հասակի մեջ երբ մեկը մեծանում է անհոգ ու երջանիկ, կարծում է թե ամենքն էլ իր նման են։ Այս է պատճառը, որ մենք մեր մանկության օրերը միշտ ներկայացնում ենք մեզ իբրև դրախտ։ Ասում ենք՝ այն ժամանակ մարդիկ լավ էին, սեր կար, մտերմություն կար, իսկ հիմա ամեն ինչ տակնուվրա է եղել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր երևակայած երջանիկ ժամանակի մարզիկը ևս դժգոհ են եղել իրանց ժամանակից և ասել են.


Փչվի էսպես Ժամանակը,

Հույս ու հավատ, սեր չկա...