Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/321

Այս էջը հաստատված է

համար օգտակար չեն համարում։ Եղբայրս ոչ թե բաժանության է հակառակ, այլ մեր բաժին ստանալուն։ Սա շատ ուրախ կլինի, որ մենք ինչ ունինք, չունինք իրան տանք և ինքներս դատարկ ձեռքով դուրս գանք: Այնպես չէ՞, եղբայր, ուղի՛ղն ասա:

— Ես ոչինչ չունիմ ասելու,— պատասխանեց Ավագը.— ե՜ս ոչ ձեր չափ ուսում ունիմ, ոչ ձեզ նման ճարտար լեզու, ուրեմն դուք ձեր բաժինն արդեն ստացել եք, էլ ի՞նչ եք ուզում ինձանից։

— Ուրեմն, քո կարծիքով՝ ով որ ուսում չունի, պետք է հաց ունենա, իսկ ով որ ուսում ունի, պետք է քաղցած զկռտա։ Այսօր իմ ուսումն էլ ինձ հաց չի տալիս, իսկ քանի որ տալիս էր, ես իմ հացը կիսում էի քեզ հետ։ Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, այլ այն եմ ուզում, ինչ որ մնացել է մեր հորից։

— Մեր հայրը ոչինչ չի թողել, ինչ որ տեսնում եք, բոլորն էլ իմ աշխատանքն է։ Ես վկաներ ունիմ, որոնցից մեկն էլ ահա Մարպողոսն է։

— Ա՜յ, նոր բան,— բացականչեց Սմբատը։ — Ասա ինձ, Մարպողոս, ինչո՞վ ես հաստատում դու, որ մեր տուն ու տեղը, մեր շարժականն ու անշարժը մեր հոր թողածը չէ։

— Նրանով եմ հաստատում, որ հայրդ մեծ պարտք է թողել, և եղբայրդ է վճարել այդ պարտքը։

— Անամո՜թ,— բացականչեց Տիգրանը,— տեսեք ինչե՜ր են հնարել…

— Ձայնդ կտրիր, անպիտան, քեզ ո՞վ է խոսեցնում,— բղավեց Ավագը։

— Մարպողոս, հեռացի՛ր այստեղից,— ասաց Արշակը,— դու արյուն ես ուզում գցել մեր տունը, ով գիտե ի՛նչ ոխ ունիս հանելու։

— Մարպողոսն իմ հյուրն է. և այս տունն էլ իմն է. ո՞վ ունի իրավունք այստեղ հրամայելու։ Դուրս եկեք ինքներդ, անպիտաններ,— ասաց Ավագը և ձեռքը տարավ դեպի խանչալը։

Տիգրանը, որ ամենից ուժեղն էր, վրա ընկավ եղբոր խանչալին, և դարթու տալով՝ պոկեց խանչալը քամարի հետ միասին և նրան զինաթափ արավ։ Ավագն սկսեց օգնության կանչել բղավելով. «Հա՜յ, հասեք, ինձ սպանում են»։

Սմբատը մնացել էր տեղն ու տեղը սառած. չգիտեր ինչ աներ։ Բայց Ավագը մի կողմից օգնություն էր կանչում, մյուս կողմից երկու եղբայրներին հարվածներ տալիս։ Նրանք էլ առանց զարկելու