Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/323

Այս էջը հաստատված է

միրուք, բարձրաճակատ, կրակոտ ու խոշոր աչքերով ու համակրելի նայվածքով մի անձնավորություն էր: Իդեալիստ էր Սմբատի նման, բայց նրանից էլ դեռ վառ երևակայության տեր էր և ավելի շատ ոգևորվող ու հափշտակվող։ Բարի և սիրող սիրտ ունենալով, չարությունն ու ատելությունը նրա համար մահացու ցավեր էին, որոնցից միշտ փախս էր տալիս։ Արմենակի գալուստը Սմբատի մոտ, նրա հոգեպես հուզված ժամանակ, մեծ սփոփանք և ուրա֊ խություն պատճառեց նրան։ Նրա պատվի համար կռվող եղբայրները զինադադար տվին, և նա Սմբատի մոտ մնաց մինչև մի շաբաթ։ Այդ օրերը նրանք զանազան զբոսանքների և արշավանքների նվիրեցին, և Արմենակը, Սմբատի ուղեկցությամբ, հնար ունեցավ մի ամբողջ գավառի նշանավոր հնություններն ուսումնասիրելու և գրի առնելու։ Այս զբոսանքների ժամանակ հոգեպես կազդուրվում էր և Սմբատը, և նրա գրգռված նյարդերը հանգիստ էին առնում։ Նա չէր կարող թաքցնել իր մտերիմ ընկերից և բարեկամից իր ընտանեկան խճճված հանգամանքները։ Այս խնդրի վերաբերությամբ ես ընկերոջ կարեկցությունը վաստակելով այնպես մխիթարվեց, որ համարեց թե իր եղբայրաբաժինն արդեն ստացել է ամենայն քաղցրությամբ։

Երեկոյան դեմ պատշգամբի վրա նստած թեյ էին խմում։ Արմենակը դեռ այն օրն էր եկել։ Հափշտակվելով գյուղի նկարչական դիրքից և շատ հավանելով Սմբատենց եռահարկ քարաշեն տունը, որ իր բարձր դիրքով իշխում էր ամբողջ գյուղի վրա, հարցրեց.

- Սմբա՛տ, չգիտե՞ս, արդյոք այս շինության ժամանակ, սրա հիմքը փորելիս՝ որևէ հնության հետք գտնված չէ՞։

— Ինչո՞ւ համար ես հարցնում,— ասաց Սմբատը։

— Նրա համար եմ հարցնում, որ իմ նկատողությամբ և երևակայությամբ այստեղ պիտի լինի եղած կամ սրա մոտակայքում Աշուշա բդեշխի պալատը։

Սմբատը փոխանակ իսկույն պատասխանելու, գույն առավ ու գույն տվավ և ասելիքը կոկորդումը մնաց։ Նա մի կեղծ հազով իր հուզմունքը զսպելով պատասխանեց։

- Այս տանը հիմքը, ճշմարիտ որ, մի հին շենքի վրա է դրված։ Հայրս ասում էր, թե ինքը լսել է, որ այստեղ կռապաշտ թագավորի տուն է եղել։ Մեզանում հնության հետքեր շատ կան, որոնք մինչև այսօր չեն հետազոտված։ թո ասելուց դուրս է գալիս, որ ուրեմն պետք է այստեղ լինի եղած հին Ցուրտավը։