Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/332

Այս էջը հաստատված է

հույս ունենալ։ Քեզ օրինակ մեր նոր լեզվի անկարգությունը, որ իր աչքում թերություն չի ամենևին, այլ տհասություն, համբակություն. և զարգանում է արձակ համարձակ, առանց ենթարկվելու որևէ կարգ ու կանոնի։ - Երանի՜ քեզ, Արմենա՛կ, որ այդքան լավատես ես ու լայնասիրտ․ դու ներողամիտ աչքով ես նայում մեր այս թերությունների վրա, որոնցից վրդովվում են շատերը գժվելու չափ։ Այս երևի նրանից է, որ քո կաշին դեռ չի դաղվել։ Ի՞նչ ես կարծում, ուրեմն մեր Ավագն է՜լ է լավ մարդ. .

- Իհարկե, լավ մարդ է, հապա ի՞նչ ես կարծում։ Բանը գործի արտաքին կողմին նայելը չէ, այլ ներքին դրդումին, որից հառաջ է գալիս արտաքինը։ Ավագն այժմ մոտ հիսուն տարեկան մարդ է։ Նա մտածում է այսպես․ եթե ես սրանից երեսուն տարի առաջ լինեի բաժանված, այժմ ես ինձ համար ապահով վիճակի տեր կլինեի։ Այսուհետև էլ հույս չկա, որ ես կարենամ մի բան շինել։ Մեր նյութականը հավասար բաժանելով, բարոյականը մնում է անբաժան։ Ջահել եղբայրս իր ջահելությունից ինձ բաժին չի տալիս, ուժեղն իր ուժից ինձ բաժին չի տալու, ուսումնականն իր ուսումից ինձ բաժին չի տալու։ Քանի որ այդ մարդիկը բարոյապես և ֆիզիկապես ինձանից հարուստ են, թո՜ղ երթան իրանց դրամագլխով գործ տեսնեն, էլ ի՜նչ են ուզում ինձանից: Նա տեսնում է մեր հագին սերթուկ ու շապո, կարծում է, թե դրանով արդեն մենք մեզ ապահովացրել ենք. չգիտե խեղճը, թե ինչ թշվառ ապագա է սպասում մեզ վարժապետներիս։ Բայց նա ի՞նչ մեղավոր է։ Եթե այսօր մեզ չի վարձատրում ազգը, որին երկար տարիներ ծառայել ենք ամենայն անձնվիրությամբ և զոհաբերությամբ, այդ վարձատրությունն ինչո՞ւ ենք պահանջում մեր եղբայրներից։ Նրանք մի՞թե իրավունք չունին ասելու, թե մեր ցանածը մենք պիտի հնձենք, իսկ դուք էլ գնացեք այնտեղ հնձեցեք, ուր որ ցանել եք։ Ահա թե ինչու է արդար Ավագը, բայց արդարանալու հնար չունենալով՝ նա պիտի դիմի կոպիտ ուժի, պետի հարձակվի և պաշտպանվի բնազդմամբ, ներքին դրդմամբ և ինչ էլ որ անե, մեղավոր չէ իմ կարծիքով…

Զարմանալի մարդիկ են մեր իդեալիստ վարժապետները, ես իմ աստվածը՝ մեկ֊-մեկ պաշտելի անձնավորություններ են։ Սմբատը շատ գոհ և բավական մնաց Արմենակի պաշտպանողական ճառից։ Նա պատրաստ էր բոլորովին զրկվելու հայրական ժառանգությունից, միայն թե այդ առիթով իր մեծ եղբայրն այնպիսի բան