Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/337

Այս էջը հաստատված է

միշտ արել է։ Եվ ճշմարիտ է ասում Ավագը, Սմբա՜տ, եկ համաձայնիր։

— Ոչ, այդպես լավ չի լինի, հոգի՜ս,— պատասխանեց Սմբատը,— ով գիտե էլի ինչ կողմնակի նպատակ ունի Ավագը, որ ուզում է ինձ իր կողմը քաշե։ Նա կարծում է, որ այդպիսով ինքը կշահվի, բայց երբ տեսնի, որ ինքը օգուտ չունի, էլ չի պահիլ ոչ ինձ, ոչ քեզ և պիտի մի նոր կռիվ սկսի։ Նա իզուր էր կարծում, որ ես գյուղական կյանքին պետք չեմ։ Ես վարն էլ լավ կանեմ նրանից, ցանքն էլ։ Եվ այդ պետք է ֆիզիկապես կազդուրվելու համար։ Մի՞թե լավ բան է, որ հիմա չեմ կարողանում մեկ թիակ բանեցնել, իսկույն կռներս թուլանում են և սկսում ցավել։ Կացին չեմ կարողանում բանեցնել, իսկույն ձեռներս փքփքոտում են, մեջքս ցավում։ Այսպես էլ ահա մյուս թեթև բաներն անգամ չեմ կարողանում շինել։ Բայց այս ի՞նչ է նշանակում, ի՞նչ բանի հետևանք է։ Սա մի անբնական և միակողմանի մտավոր պարապմունքի հետևանք է, որ հիվանդության չափ վնասակար է մարդուս, և հարկավոր է առողջացնել։ Իսկ այս կարելի է, փոքր առ փոքր ընտելանալով ֆիզիկական աշխատանքի։

— Իսկ ես ինչպե՞ս անեմ,— ասաց կինը։

— Դու էլ ինձ պես, դու էլ կսովորես աշխատելը։ Մի՞թե չես տեսնում, թե որքա՛ն առողջ են մեր հարազատները և որքա՛ն տկար ես դու. մի՞թե նրանց թշերի կարմրությունը վատ է, իսկ քո թշերի դալկությունը լա՞վ։

— Բայց նրանք կոպիտ են ամեն բանում. ես է՞լ կոպտանամ ուրեմն։

— Ի՞նչ վնաս ունի, եթե մինչև անգամ կոպտանաս էլ։ Կամ ի՞նչ ասել է կոպիտ։ Գեղեցկությունը նրբության մեջ չէ, այլ առողջության։ Հիվանդոտ վիճակը, հիվանդոտ կազմվածքը ճշմարիտ գեղեցկության հասնել չի կարող։ Ես հիմա չեմ կարողանում մի հավ մորթել, մորթելիս էլ որ տեսնում եմ, վրդովվում եմ։ Ի՞նչ է այս, եթե ոչ մի նյարդային հիվանդություն, ֆիզիկական թուլության հետևանք։ Մի ժամանակ ես ճարպիկ որսորդ էի, անխնա կոտորում էի ամեն պատահած վայրենի, իսկ հիմա նույնիսկ ձուկը չեմ ուզում ջրիցը հանել, սրտիս ցավ է տալիս։ Հիվանդություն չէ՞ սա, հապա ի՞նչ է։ Ո՛չ, այսուհետև ես պետք է հավ էլ մորթեմ, ոչխար էլ, և տեղը եկած ժամանակ՝ չպիտի խղճամ այլևս և պիտի կոտորեմ բոլոր վնասակար կենդանիներին։ Ենթադրիր, որ սայլը ցեխումն է