Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/341

Այս էջը սրբագրված է

— Ես վախենում եմ, որ դու մի փոքր կազդուրվելուց հետո էլ գյուղումը չմնաս, և րոլոր սկսածներդ կիսատ մնան։

— Այդ ինչպե՞ս, ես չեմ հասկանում։

— Գիտես ինչ ասաց ինձ Արմենակը։ Ես չեմ կարծում, ասաց, որ Սմբատը կարողանա գյուղումը մնալ։ Կմնա մի առժամանակ միայն, քանի որ հոգնած է, հուսահատված ու զզված։ Բայց հենց որ կազդուրվի, ինքն իրան առողջ զգա, կսկսի ոգևորվիլ. այդ ոգևորությունը նույնպես բավականություն կպահանջե։ Սմբատը ֆիզիկական պարապմունքի համար չի ստեղծված, այլ մտավոր և բարոյական։ Ֆիզիկական պարապմունքը կավելացնե միայն նրա եռանդը և կմղե նրան դեպի իր իսկական կոչումը։

— Առավել լավ, հոգի՛ս, եթե այդպես կլինի։ Աշխարհը որ կա, ծով է, իսկ մենք նավորդներ։ Թող գյուղը լինի մեզ համար իբրև նավահանգիստ։ Երբ քամին բարեհաջող կլինի, և մենք կտեսնենք, թե կարող ենք կրկին նավորդել, ինչու՞ հրաժարվենք։ Ասած է՝ «լավ է գյուղումը առաջինը լինել, քան քաղաքում հետինը»։ Եթե ես իմ մեջ այնքան ուժ կզգամ, որ կարող կլինիմ քաղաքում մի որևէ գործում օգտակար լինել և առաջինների կարգումը լինել, ես ուրախությամբ ինձ կնետեմ քաջամարտիկ զինվորների շարքը։ Ես հավատում եմ մարդուս կոչումին և գիտեմ, որ նա ինչ բանի որ պետք է և հարմար, վերջ ի վերջո նույն բանին կծառայե և նրա համար էլ կմեռնի։ Ո՛վ գիտե, գուցե Արմենակը մի գրական գործ սկսի քաղաքումը և հարկավոր համարե իրան իմ աջակցությունը. գուցե այդ ասպարիղում ես կարող կլինիմ մի բան անել, բայց առայժմ այդ ինձ համար մութն է և անհայտ։ Այժմ ես ամենից շատ կարիք եմ զգում մտքի հանգստության և ֆիզիկական աշխատության։ Մարդուս միտքը հարստահարվում է Հողի պես, երբ շարունակ դուրս են ծծում նրա սննդարար տարերքը, առանց հանգիստ տալու։ Եթե մի տարու չափ ես ո՛չ կարդամ և ոչ գրեմ, այդ հանգիստը իմ մտքին կարող է մի քանի տարվան բեղմնավորություն տալ։ Սուտ է, որ ասում են՝ միտքը շարունակ աշխատեցնելով կսրվի։ Ընդհակառակն՝ միտքն ունի և սնանկանալ և խոպանանալ։ Շարունակ աշխատեցնելով՝ կսնանկանա, շարունակ անգործ թողնելով կխոպանանա։ Ուրեմն աշխատություն և հանգիստ պիտի շարունակ հաջորդեն միմյանց։ Գյուղումը կարող ենք մեր մարմինն աշխատեցնել, իսկ քաղաքում՝ միտքը, այսպիսով եր