Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/346

Այս էջը հաստատված է

բայց ինքը չէր հոժարում։ Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծաոային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է և մյուսը նրա ծառան, ըստ որում երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից. միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ո՛վքեր անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից, առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։

Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը աստծո պես իմանում է, թե ու՛մ ինչ է պետք և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել: Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակն պատճառը թագավորի որդին էր։

Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք։ Նա ավելի զվարթացավ և առույգացավ։ Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ՝ քան թե առաջ էր։ Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը, նա զգաց, թե ինչքան բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր աո փոքր ճգնվելու միտքը թողնել։ Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները, այդ առիթը շուտով վրա հասավ։

Մեկ որ իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նոա աղբյուրի մոտ, որ հանգստանան: Շատ դադրած ու քրտնած էին: Գյուղի