Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/349

Այս էջը հաստատված է

գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

— Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական:

— Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածեցնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էջ, ջորի և մինչև անգամ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ աստված ամենից շատ նախրչիներին է սիրել. ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ոչ մի-մի նախրչի։ Ո՞վ էր աստծուն ավելի սիրելի, Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը, Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

— Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխան. քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը, ասած է՝ «աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ, դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր «երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկ, Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ միայն այսքան սիրուն աղջիկ ունի»:

— Վաղինակ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղիղն ասա։ Անահի՛տն է գեղեցի՞կ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենի՛կր։

— Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

— Բայց ո՞րը կլինի ավելի խելոք, Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

— Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամաքած թողնել: