Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/352

Այս էջը հաստատված է

համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։

Ահա թե ինչ էին ասում այդ սրախոսները.

— Բաբիկ, ասում են մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…

— Այդպես չէ, սիրելի Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։

— Ինչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։

— Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։

— Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ որ՝ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։

— Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՛ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ գիտե՞ս, ինչպե՜ս աղջիկ, շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞ թե ոչ։

— Ի՞նչ ես ասում։

— Հապա դու ի՞նչ ես կարծում…

Զ

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։