Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/355

Այս էջը սրբագրված է

ները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են։ Մեկը ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում։ Ահա այսպես սար ու ձոր լցվել է գրերով։


- Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը, դու մեր ծույլերին արիաջան կշինես։ Մի րոպե թող քո գործը, Անահիտ, և եկ այստե՜ղ, քեզ բան ունինք ասելու։ Տե՜ս, ահա քեզ համար ինչե՜ր է ուղարկել մեր թագավորը։


Վաղինակն այս ասելով՝ բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ։


Անահիտն այդ բաները տեսնելով՝ ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ համեստ կերպով հարցրեց.


- Կարելի՞ է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո՞ւ համար է արել ինձ թագավորը։


- Մեր թագավորի որդին՝ Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շաա հավանել է։ Հիմա թագավորը մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու վրա։ Ահա այս մատանի է, ա՛յս ապարանջան է, ա՛յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով քեզ համար են այս ամենն էլ:

- Ուրեմն իմ տեսած որսորդը թագավորի որդի՞ն է եղել:


- Այո:


- Նա շաա լավ երիտասարդ էր։ Բայց արդյոք գիտե՞ մի որևիցե արհեստ։


- Նա թագավորի որդի է, Անահիտ, նրան ի՞նչ արհեստ է հարկավոր, ողջ աշխարհի տերը նա է, ամենքն էլ նրա ծառաներն են։


- Գիտեմ որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ինքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան։


Այսպես որ ասաց Անահիտը, իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.


- Ուրեմն դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա՞ համար, որ նա արհեստ չգիտե: