Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/356

Այս էջը հաստատված է

— Այո, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և աոաջ մի արհեստ սովորի։

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպես նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե նա այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան գնացին և ինչ որ տեսել, լսել էին, մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան, կարծելով թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից, բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.

— Շատ ուղիղ է ասել Անահիտը, ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։

- Ուրեմն դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու,— հարցրեց մայրը։

— Այո՛։

— Բայց ուղիղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել, արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։

— Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ,— պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիրը ծածկե իր ծնողներից…

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին և նրանք միաձայն վճռեցին թե նրան վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրենց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ