Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/359

Այս էջը սրբագրված է

Էլ պետք է մտնես, օր ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու, դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։


— Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահիտ,— ասաց թագավորը:— Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես, միայն ծերության ժամանակ էլ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ի՞նչպես անեմ. ես որ երթամ, ո՞վ կկառավարի իմ տեղս։


— Ես ինքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։


— Շատ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ: Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի և ես չգամ, իմացիր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել:


Շ


Վաչագան թագավորը հասարակ շինականի հագուստով ծպտած՝ ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը: Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն՝ ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։


Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը։ Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին։ Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ոչ քահանա և ոչ աղոթատուն։


Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները։


Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ ահա՜ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերանին շատ ծանր էր գալիս, նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե ո՞վ է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.