Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/381

Այս էջը հաստատված է

չես տեսել քո օրումը։ Զանգի՛, տանջի՛ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա։ Դե, գազա՛ն է սա, բռնի՛ր, կծի՛ր, պի՛նդ, պի՛նդ… Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և մի ակնթարթի մեջ բուկը հախռելո՛վ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն։

— Ա՛խ, Զանգի, այդ ի՞նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին։ Մի՞թե ես քեզ այդպես ասացի։ Այդպես հո ոչ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես որ դու արիր։

Վաղինակր շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել։

Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում։ Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում։ Ազգային երգիչները գյուղե գյուղ և քաղաքե քաղաք պտտելով՝ այդ անցքի պատմությունն էին անում երգերով։ Ափսո՛ս, որ այդ երգերը մեզ չեն հասել, բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ։ Այդ հեքիաթի գլխավոր միտքը այն է, որ թագավորի կյանքը արհեստն է փրկել։ Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին։

Օվ ճշմարի՛տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ոչ մի՛ հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան։ Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել․ բրդից գործում Էին զանազան գորգեր և շալեր, բամբակից կտավեղեն, մետաքսից նուրբ կերպասներ: