Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/394

Այս էջը հաստատված է

բաց անենք ներս գցեն, Արևահատն ասում է.- որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողեք առաջ այս հավուզումը երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանդրեմ, թե չէ՝ ամոթ է: Ասում են՝ շատ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։

Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանդրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած. այնպես են կարծում թե մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են՝ սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։

Արևահատը մոտենում է նրանց, ու էլ խեղճ-խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլշել տավարի պես, ցո՜ւյց տվեք ինձ ճանապարհը. ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց, նրանք դողում, սարսափում են. չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես, մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեղ խեղդել տա։

Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվեք ինձ այս դռների բանալիքները, ես վիշապից չեմ վախենում։

Բանալիքներն առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում. — Բարով քեզ, թագավորի որդի: Ես Արևամոր կշտիցն եմ գալիս- նա շնորհավորում է քո ծնունդը ու քեղ արևշատություն է ցանկանում:

Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատին: Արևահատը սկսում է դողդողալ, բոլոր ջանը սարսռում է, մազերը փշաքաղվում: Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս՝ տանում պոչի մոտ՝ բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այսպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալ ու մաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում ու ասում է։ - Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես, միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում, իսկ եթե