Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/397

Այս էջը հաստատված է

Առավոտ էր լինում՝ թե երեկո, խաղաղ էր լինում երկինքը` թե փոթորկալից, կուտակված էին լինում ամպերը՝ թե ցրված, մի ուղղությամբ էին շարժում՝ թե զանազան,- նա այդ ամեն ձևերին ու շարժումներին մի միտք, մի նշանակություն էր տալիս, ու ամեն ինչ, որ լսել էր հեքիաթներումը, տեսնում էր նրանց մեջ։

Այդ ամպերը շատ անգամ նրա աչքումը վիշապների կերպարանք էին ստանում և մեկմեկու կուլ տալիս։

Երբեմն գազաններ էին դառնում ու իրար հետ կռվում։

Երբեմն դառնում էին ոչխարի հոտեր ու մի լեռնաչափ հովիվ էլ՝ գերանաչափ մի սրինգ բերնին դրած՝ ածում էր։

Երբեմն դաոնում էին մեծ-մեծ վրաններ ու նրանց մեջ ներս ու դուրս էին անում վիթխարի հսկաներ։

Երբեմն դառնում էին զորախումբեր ու իրար դեմ պատերազմում։ Այդ լինում էր ավելի փոթորկի ժամանակ, երբ որոտում էր երկինքը, փայլատակում կայծակը, ու ամպերն իրար էին խփվում։

Արևամանուկը ոչ միայն չէր վախենում այդ որոտմունքներից, այլ բարձրանում էր մի քարի վրա ու ամպերին հրամաններ էր տալիս, գոչելով`-հառա՜ջ, ետ՜, ա՜ջ, ձա՜խ, միասի՜ն, կարգո՜վ, արագ…

Այսպես բղավում էր հեռվից, մինչև կարկուտը կամ տարափը վրա էր տալիս ու մեր մանուկ զորապետին փախցնում, ձգում քարայրների ու ծառախոռոչների մեջ։

Ինչպես տեսնում եք, մեր Արևամանուկը թեպետ դեռ փոքր էր, հազիվ տասը կամ տասներկու տարեկան կլիներ, բայց շատ սրտոտ էր ու սրամիտ։

Երևում էր, որ ժամանակով մեծ ու երևելի մարդ պետք է դառնա։ Այդպես էին ասում բախտ գուշակողները, այդպես հավատացած էին ամենքը։

Բայց նա այժմ դեռ մի գառնարած էր։

3

Այս ինչ որ ասում եմ, ով է իմանում, թե մեզանից քանի-քանի տարի առաջ է եղել։ Եթե ասեմ հազար տարի, երկու հազար տարի, երեք հազար տարի, էլի քիչ կլինի։