Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/403

Այս էջը հաստատված է

այլ ոչ ուղտ և ոչ փիղ կկարենա դիմանալ։ Ամեն մինը մի սարի չափ կա։ Երբ որ նրանք դուրս են գալիս իրանց խոր ու մութ այրերից ու որսի հետևից ընկնում, Մասիսի ձորերը դմբդմբում են, ու դաշտերը դողդողում։ Երբ որ նրանք կրակ են անում, որ ճաշ եփեն, ով գիտե քանի՜-քանի՜ գերան են դարսում իրար վրա։ Նրանց խարույկի ծուխն ու ալիքը Մասիսի գագաթիցն է դուրս գալիս ու վրան ամպանում ։

— Եթե այդպես է, մայրիկ, նրանց մոտ գնալ չի լինիլ, նրան ով գիտե մարդ էլ են ուտում։

— Չէ՛, հոգիս, նրանք մարդակեր չեն։ Իմ պապը մեկ անգամ գնացել է նրանց մոտ։ Ես այդ ժամանակը շատ փոքր եմ եղել, ինձ հետո են պատմել։ Ասում են, իմ պապը որ գնացել է նրանց մոտ, առաջ հարցրել են, թե դու ո՞վ ես, նա էլ ասել է՝ ես Արևազան ցեղիցն եմ։ Այդ որ լսել են, ասել են. «Որովհետև դու Արևազան ցեղիցն ես, քեզ վնաս չենք տալ, բայց եթե Վիշապազանց ցեղից լինեիր, մեծ կտորդ ականջդ կթողնեինք»։

— Ուրեմն նրանք մեր ցեղին սիրում են, մայրիկ, իսկ Վիշապազանց ցեղին ատո՞ւմ։

— Այո, մեր ու դրանց մեջ կարծեմ մի տեսակ ազգականու֊թյուն կա։ Այժմյան քաջերի մայրը մեր ցեղիցն է եղել։

— Որ այդպես է, ես կերթամ նրանց մոտ, կասեմ ես ձեր պապոնց երեխան եմ, նրանք էլ ինձ լավ պատիվ կտան։

— Դու այդպես ես կարծում, բայց ո՞վ գիտե, վա՜յ թե քեզ այնտեղ պահեն, էլ բաց չթողնեն։ Կգցեն մի խոր ու մութ այրի մեջ, մի ահագին ժայռով էլ բերանը կփակեն, հետո գնա կաց այնտեղ ու սպասիր, թե քեզ երբ պետք է ազատեն։

— Դե որ այդպես է, ես էլ չեմ գնալ նրանց մոտ, բայց տավար պիտի գնամ, ինչ կուզեք արեք։

— Իհարկե, որդի, էլի լավ է տավար գնաս, քան թե քաջերի մոտ։ Բայց, գիտե՞ս, սիրելի Արմիկ, քո հայրը քեզ ուրիշ տեսակ է ուզում պահել։ Նա ուզում է, որ դու տուն պահել, տուն կառուցել սովորես, գնացող֊-եկողի հանդիպես, նրանցից խելք ու շնորհք վերցնես, մարդավարություն սովորես և ոչ թե ընկնիս ձորերն ու վայրենանաս: Ահա պատճառը, որ հայրդ քեզ տավար չի ուղարկում։ Բայց նա ընդդեմ չի լինիլ, որ դու լավ գիտենաս ձի նստել, նետ ձգել, նիզակ ու վահան գործածել: Հասկացա՞ր. բայց որովհետև սիրտդ շատ է ուզում տավար գնալը, վնաս չունի, մի