Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/415

Այս էջը հաստատված է

ձեռք չեմ վերցնիլ, նրա սահմանիցը շատ չեմ հեռանալ։ Այնտեղ, ինչպես պատմում են, մի ուրիշ լավ բան չկա, բացի հացի առատությունից»:

Այստեղ պառավ տատն սկսում է հացի նշանակությունը հասկացնել Արևամանուկին։

- Հացը մի այնպիսի բան է, Արմիկ ջան,— ասում է պառավը,– որ ինչ տարի նա չի լինում, բոլոր ուտելիքներն էլ նրա հետ պակասում են, և երբ որ հացն առատ է լինում, մյուս բոլոր բաներն էլ առատ են լինում։ Օրինակի համար, երբ որ հաց չի լինում, եղ էլ չի լինում։ Հիմա կասես՝ ինչո՞ւ։ Նրա համար որ՝ արտ չեղած տարին խոտն էլ է պակաս լինում։ Իսկ կովը որ խոտ չուտի, լավ չարածի, որտեղի՞ց կաթ կտա, որ նրանից էլ մածուն, մածնից էլ եղ շինեն։ Խոտ չկա, մեղր էլ չկա. ինչո՞ւ, նրա համար որ՝ խոտ որ չլինի, ծաղիկ էլ չի լինի, իսկ ծաղիկ որ չլինի, էլ մեղուն ինչի՞ց կշինե մեղր։ Ծաղիկ չկա, պտուղ էլ չի լինի։ Կուտ չկա, ձու էլ չի լինիլ:

Երևում է, որ մեր պապը մի քանի անգամ սով տեսած է լինում։ Սկսում է պատմել, թե սովն ինչից է հառաջ գալիս։ Թե՝ երբ որ մի տարի, երկու տարի երկինքը կապվում է, գետինքն էլ չորանում է, էլ ոչինչ չի տալիս, էլ խոտ չի բսնում, ծառը չի ծաղկում, աղբյուրը չի քլքլում, մարդ, անասուն սովամահ են լինում։ Ասում է՝ այդ նոր երկրումը դժվար թե սով պատահի, եթե ճշմարիտ է այն ամենը, ինչ որ ասում են։ Լավ կլինի ուրեմն, որ եթե այդ երկրի միջումը չլինինք, գոնե նրա սահմանի վրա լինինք, նրանից մոտիկ լինինք։

Սրա վրա որդիքն ասում են. «Հայր, դո՛ւ գիտես։ Երբ որ դու կամենում ես, մենք ի՞նչ կարող ենք ասել»։ Եղբայրներն էլ ասում են՝ մենք էլ կգանք քեզ անց կկացնենք։ Մյուս օրը պատրաստություն են տեսնում. վրանները կարկատում, շինում են, աման, չաման, շորեղեն կապում են, ձիանոնց վրա էլ իրանք նստում, ոչխար, տավար առաջներն անում, ճանփա ընկնում:

Երբ որ մեր պապը ճանապարհ է ընկնում, նրա հետ շատերն են քոչում: Ասում են՝ Հայկը խելոք մարդ է. եթե նոր երկիրը լավ չլինի, նա չի գնալ: Մի հարյուր հոգի հենց միանում են, ով գիտե՝ քանի հարյուր հոգի են դառնում: