Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/419

Այս էջը հաստատված է

Բելն էլ է մեր Հայկի պես մութ խոսում։ Նա մեր պապին և նրա հետ գնացածներին մանգաղաթև է անվանում, մանգաղն աղեղի նմանացնելով, որովհետև մերոնք հայտնի են լինում այնտեղ ինչպես քաջ նետաձիգ աղեղնավորներ։ Նրանց համարում է եկովի, որովհետև ինքն այնտեղ է լինում ծնված, իսկ մերոնք ամենից հետո են լինում գնացած։ Այս էլ պետք է ասենք, որ այդ գոռոզ Բելը սուր ու աղեղ բանեցնելը Հայկիցն էր սովորել, նա մի ժամանակ շատ սիրում էր Հայկին և միշտ նրա հետ էր որսի գնում, որ ավելի լավ վարժվի։

— Մանգաղաթև թռչունները եթե չըլինին,— պատասխանում է Հայկը,— մորեխները իսպառ կփչացնեն մեր արտերը։

1883

ՀՆԱՐԱԳԵՏ ՋՈԻԼՀԱԿԸ

(Ավանդություն)

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են, զարմանալով հարցնում, թե դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե սա ինչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերշիվին.