Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/421

Այս էջը հաստատված է

վրա ցորեն կար փռած աղունի համար, ոլ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։— Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջ փնտրել,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ, ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել, օրորոցներն էլ սկսեցին օրորվել տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանդրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատնեքին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուրը նետելիս, աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե չլինի իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը «չլինիմ, չլինիմ» ասելով, ուզեց ասել ծերունուն․ «եթե ինձ ճանաչեցիր, չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց «մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպետ,— հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն