Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/422

Այս էջը հաստատված է

վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում, իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ, կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ, ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա եկան թագավորի սագերը. իրավ որ լավ փետրելու թռչուններ են», ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարգ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպետ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի ղեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մենք կվճարենք,— ասացին նրանք ուշքի դալով,— միայն մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ինքս կգտնեմ, միայն ամեն