Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/427

Այս էջը սրբագրված է

Ձիավորն ասաց սպառնալով.


* * *


- Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում.
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ետ– դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից...




Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.— Վա՜յ, վա՜յ, մի՜ զարկիր, մի զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՜, ահա՜, ետ եմ դառնում։


— Որ աղջիկ ես, ուրեմն գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ոչ մի ուտիչին.— ասաց ձիավորը և անհայտացավ։


Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։


— Է՜... ո՞ւր է բերած որսդ հարցրեց հայրը.— իեչո՞ւ այդպես շուտ վերադարձար։


— Ճանապահին ջերմս բռնեց, հայրիկ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը:


Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց, նրա պես վախեցած վերադարձավ տուն։


Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.


* * *


Ա՜յ, տղա, սիրուն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։




Արեգնազանը պատասխանեց բարկանալով.


* * *


Կենտրոն|Քեզ ի՞նչ, թե ես ուր եմ գնում.
Ուր գնում եմ. այդ ես գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման
Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ:
- Ուրեմն ես ավազա՞կ եմ.
Դու ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեիս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը: