Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/430

Այս էջը սրբագրված է

ահագին անտառներով շրջապատված: Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը, և բոլոր որսերին կալմեջ արած՝ սկսեցին անխնա կոտորել։


Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում, և նրանից էլ քիչ չէր կոտորում. Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել, Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։


— Ա՜յ քեզ բախտ... ինչո՞ւ ես չէի մոտիկ թագավորին...— ասում էին որսորդներից շատերը...


Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։


Տեսնելու բան էր, թե ինչպիսի աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։


- Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,– գոռում էին միաբերան և երգում.


* * *


Ով է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա է ազաաել արջի ճանկերից.
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...


Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել.
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՛՜յ, արջի ճանկերից;


Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից...