Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/433

Այս էջը սրբագրված է

թյուն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր։


Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր֊ցերեկ չէր հեռանում նունուֆարի մոտից, աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։


— Տիրուհի, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ,— ասաց մեկ երեկո ծաղրածուն։


— Ի՞նչ պիտի տամ, հիմար, եթե մի հնար գիտես, էլ ո՞ր օրվան համար ես պահում։


— Այդ լավ ասացիր, ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասիր, ես պիտի տեսնեմ քո խելքդ գլխո՞ւմդ է, թե քեզանից խռովել է, գնացել է ուրիշի գլուխ մտել։


— Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։


— Ա՛յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես, կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։


— Ինչո՞ւ չէ, տասնից կպակասեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։


— Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես, էլ ի՞նչպես կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նոր մեկանց տեղը գնենք, կկպչի՞ •••


— Այդպես չէ, հիմար։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես, տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը որ քեզ երկու խնձոր տա, կավելացնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։


— Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։


— Իհարկե, կարելի է։


— Իսկ ես այնպես էի կարծում, թե կերածը կերած է, կորածը՝ կորած, մեռածը՝ մեռած, էլ դրանք ետ չեն դառնալ։ Ուրեմն այս տիկինն ինչո՞ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ ուներ, մեռավ, առաջ սա և իր մարդը երկու էին. հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք, խոմ էլի կդառնա՞ երկու։ Բայց առաջվա մեկը վեզիր էր, ողորմի իրան, խելոք մարդ էր կարծվում. երկրորդ մեկը թող լինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանգամանքը խոմ