Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/441

Այս էջը հաստատված է

ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողը՝ էլ ի՞նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա հարստություն մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի թե սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը: Արի մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

- Ո՜վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ…- կանչեց Արեգը։

- Քարացե՜լ…— արձագանք տվին բոլոր քարերը։

- Ք…ա՜…ր…— հանկարծ մի նոր ձայն լսվեցավ:

- Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.- Ո՞վ կա կենդանի՜…

— Ե…Ե…ս…— պատասխանեց ձայնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղից է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն րնդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։

— Ո՞վ ես դու, ո՜վ մարդ,— հարցրեց Արեգը։

— Ջո՜ւր… ջո՜ւր…— պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։

— Ջո՞ւր ես ուզում:

— Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…

— Հայրիկ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։

— Մի՜… մի՛… կա՜թ… կա՜թ…

- Մի կաթիլ ջուրը քեզ ինչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս, չեմ խնայիլ քեզանից։

— Հա՜… հա՜… հա՜…

Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթացրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.

Դու բարի՞ հրեշտակ,
Որտեղի՞ց եկար,
Փախիր, հեռացիր
Մի առ ժամանակ.