Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/442

Այս էջը սրբագրված է


* * *


Բայց ոչ, սպասիր,
ես էլ եմ գալիս...
Այ՛ո, գալիս եմ,
Նայի՜ր, մեկ նայի՛ր...




Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ և սկսեց փախչիլ, իր հետևից կանչելով Արեգին.— Փախի՜ր, փախի՜ր, որդիս, եկ իմ հետևիցս, մեզ հարկավոր է թաքչիլ. հիմա ուր որ է, պիտի գա քարացնող պառավ հրեշը։ Արի, արի, մտնենք իմ ապարանքը, գոնե քեզ չգտնե։


Արեգը մնացել էր շփոթված, չէր իմանում թե ինչ աներ, բայց վերջը հետևեց փախչող մարդուն։ Ձին քաշեց ներս, վարի հարկումը մի մութ անկյունում կապեց, իսկ ինքը վերև բարձրացավ այն մարդու մոտ։


— Ես չեմ հասկանում, թե այդ ի՞նչ հրեշ է, որից այդքան վախենում ես դու,— ասաց Արեգը։


— Այդ հրեշը մի պառավ է, որդի, նա է քարացրել մեր քաղաքը. ամեն օր այս ժամանակին գալիս է նայում և զվարճանում իր չարության վրա. հիմա ուր որ է՝ պիտի գա, և եթե մեզ տեսնի կենդանի, իսկույն կքարացնե։


— Հիմա հասկացա։ Բայց ինչպե՞ս է եղել, որ քեզ բոլորովին չէր քարացրել:


— Ավելի տանջելու համար։ Ես այս քաղաքի թագավորն եմ. ինձ կասեն Անդաս թագավոր։ Քավթառ հրեշը գլուխս կենդանի թողեց, ասելով.— Աչքերդ բաց եմ թողնում, Անդաս, որ տեսնես քո թագավորության ոչնչությունը իմ զորության, իմ ուժի առջև։


— Ինչո՞ւմ է նրա զորությունը կամ ինչո՞վ է նա ուժեղ, չգիտե՞ք։


— Նրա զորությունը իր գավազանների մեջն է: Նրա գավազանները մահ են սփռում ամեն տեղ։ Նա մի գործիք է չար ոգիների ձեռքում և նրանցով է անում, ինչ որ անում է: Կամ ով գիտե, գուցե հենց ինքը մի չար ոգի է, պառավի կերպարանք առած։


— Ի՞նչ ես կարծում, եթե դրա ձեռքից խլենք իր գավազանները...


— Բայց ինչպես կարելի է մոտենալ նրան, միայն բարի ոդիքը կարող են այդպիսի բան անել կամ այնպիսի մի մարդ, որ բարի ոգիների պաշտպանությունը իր կողմն ունի։