Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/443

Այս էջը հաստատված է

— Ինձ թվում է, որ բարի ոգիները կպաշտպանեն մեզ,— ասաց Արեգը և պատմեց Աղավնի աղջկա հետ հանդիպելը, նրա արածն ու ասածը…

— Օ՜ … եթե այդպես է, ապա ուրեմն դու մի բարի ոգի ես, երկնքից ուղարկված,— բացականչեց թագավորը,— Ես կարող եմ այժմ համարձակ դուրս գալ նրա առաջը, իսկ դու ինձ մոտ թաք կկենաս, և երբ հարձակվի ինձ վրա, դու իսկույն կբռնես նրան և զինաթափ կանես։ Ահա՛, ահա՛ երևում է նա, տես, ամպերի մեջ՝ խնոցու վրա հեծած, օձե մտրակը ձեռքին, գալիս է։

— Տեսնում եմ, տեսնում… դու սիրտդ պինդ պահիր, չվախենաս, ես նրա հոգին կհանեմ։ Այս ասելով իջան պարտեզ։ Արեգը թաք կացավ մի քարացած ծերունու քամակում։

Պառավը վայր իջավ թագավորի դիմացը, ձեռքն առավ իր երեք գավազաններից մեկը և սպաոնալով ասաց.

Այս ի՞նչ եմ տեսնո՜ւմ,
Այստեղ ո՞վ եկա՜վ,
Այս կյանքն, այս հոգին
Սորան ո՞վ տվավ։

Հասեք, ոգինե՜ր,
Հասեք, շուտ հասեք,
Ձեր խեղճ պառավին
Եկեք, օգնեցեք։

Իսկ դու, գավազա՜ն,
Ինչպե՜ս ես զարկել,
Որ նա նոր-մեկանց
Ոտքի է կանգնել։

Հա՜պա, գավազան,
Հա՜պա մեկ տեսնենք,
Քո զորությունը
Մեկ այժմ էլ փորձենք:

Գավազանը ձեռին՝ հարձակվում էր պառավը, որ զարկեր թագավորին, ասելով՝

Քա՜ր էիր, Անդա՜ս,
Էլի քա՛ր դառնա՜ս․