Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/449

Այս էջը հաստատված է

ջում ինձ երբեմն և ավելի ևս սաստկացավ, երբ լսեցի Արեգի ձայնը։ Երևի իմ ծարավիլն էլ Երկնքի կամքովն էր, նրանով պիտի գտնեի իմ փրկությունը… Երթա՛նք, երթա՛նք մի կտոր հաց ուտենք…

Անդաս թագավորը լավ կշտացրեց թե՛ Արեգին և թե՛ նրա Բազիկին։ Արեգին պահեց թագավորը մինչև քսան օր. այդ քսան օրվան մեջ շատ թագավորներից դեսպաններ եկան և շնորհավորեցին Անդասի և նրա քաղաքի վերակենդանությանը։ Նույն քաղաքից հազարավոր մարդիկ կային հեռավոր երկրներ գնացած՝ որոնք իրանց քաղաքին պատահած պատուհասից վախենալով՝ չէին վերադառնում. այժմ եկան ավելի բազմացած թվով, որդոց և թոռանց տերեր դարձած, մինչդեռ քաղաքի աճելությունը՝ քարանալու պատճառով դադարել էր։

Նորեկները իմանալով՝ որ Արեգն է այն բարի հրեշտակը, որ հաղթել է չարին և կյանք տարածել չարի մահ սփռած տեղը՝ նրան աստվածավայել պատիվներ տվին ճոխ խնջույքներով։ Թագավորն ինքը մի մեծ խնջույք տվավ, ուր ներկա էին հազարավոր անձինք։ Ինքն էր բոլոր զվարճություններին ընթացք տվողը, ինքն էր առաջարկում կենաց թասերը։ Երբ Արեգի կենաց բաժակը ձեռքն առավ, սկսեց խոսիլ թագավորը և ասաց.

— Ի՞նչ էինք երեկ, և ի՜նչ ենք այսօր
Դու՛ պատասխանիր, Անդա՛ս թագավոր.
— Քա՜ր էինք երեկ, քա՜ր անշունչ, կանգուն,
Իսկ այսօր՝ մարդիկ, կենդանի, շարժուն…
Ի՞նչ հեշտ պատասխան… բայց ո՞վ կըմբռնե,
Ո՞վ կըզգա, թե ի՜նչ սոսկալի բան է
Շարունակ տանջվիլ քա՜-ռա՜-սո՜ւն տարի,
Փշալի՜ց ձեռում մի անգութ չարի…
Եվ ահա այդ խիստ, չա՜ր կապանքներից,
Անխորտակելի այդ շղթաներից
Մեզ ազատում է մի չքնաղ ոգի,
Ամեն տեղ սփռում և՛ կյանք, և հոգի…
Ո՞վ էր այդ Քաջը, այդ Առաքինին.
— Ահավասիկ Նա— Արեգ պատանին.
Սա է, որ սրբեց իմ սուգն ու լացը.
Խմե՜նք Արեգի անգին կենացը…

Թագավորի այս առաջարկության վրա հազարավոր ձայներ միասին «կեցցե Արեգ» գոչելով՝ թնդացրին ամբողջ ապարանքը։