Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/464

Այս էջը հաստատված է

Այս խնձորները ինչո՞ւ են պեսպես.
— Չգիտեմ, հոգիս, ճշմարիտն ասած.
Գուցե մեր կյանքն է ճիշտ օրինակված,
Տե՛ս, սա կանաչ է, իբր իսկ մանուկ,
Իսկ սա՝ սպիտակ, ինչպես մի ծերուկ.
Ամենից սիրուն կարմիրն է միայն,
Դա է նշանը մեր հասունության։
— Բեր այդ կարմիրը հենց հիմա կտրենք,
Եվ այստեղ ևեթ միասին ուտենք…

Նունուֆարն ուզեց, Արեգն էլ կտրեց.

Կարմիր խնձորը միասին կերան,
Եվ իրանց սրտի փափագին հասան։
Թեզ էլ կցանկամ, սիրուն պատանիք,
Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.
Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,
Եթե պատմածս ձանձրալի գտնեք.
Ձեր սիրո համար ես աշխատեցի,
Պատմեցի այնքան, ինչքան կարացի.
Կարծելով՝ որ դուք սիրով կըկարդաք,
Եվ խեղճ շայիրիս ողորմի կըտաք…

1887

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԿԱՄ ԼՈԻՅՍ ԵՎ ՄՈԻԹ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

«Երեխեք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ, շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, աստուծո ողորմությունը չի հասկացել: Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»: