Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/468

Այս էջը սրբագրված է

տեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտթել նրա դլուխը և այն էլ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին, նա կրկին կկենդանանար։


Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ —«Մեկ էլ զարկիր, մեկ է՛լ, մեկ էլ...» ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։


Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը և ինչ որ գանձ ու հարստություն ուներ, բոլորն էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք, սկսեցին երկար վիճել, թե ով իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան.— Ես շատ կասկածում եմ, թե միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն և դու մնաս հորի մեջ: Եթե իմ նախազգացմունքներս կատարվելու լինի, դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել, նա քեզ վեր կհանե լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ, նա քեղ կտանե Մութ աշխարհ, որտեղից դու այլևս լույս աշխարհ ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ...


Գուրդենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը — նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց և ինքն ընկավ Գուրդենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհը։


Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ էն։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու: Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրան