Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/479

Այս էջը հաստատված է

Ուխայի կինն ավելի շատ բան էր սովորեցնում Քաջիկին և շատ սիրում էր նրան։ Նա սկսեց այնպիսի բաներ սովորեցնել, որ մարդուն հաճելի չէր։ Թեպետ այդ բաները նա ծածուկ էր սովորեցնում, բայց սատանա և խորամանկ Ուխայից ինչ կծածկվեք։ Ուխայն ամեն գաղտնիք չէր ուզում հայտնել Քաջիկին․ այդ բանը դեռ վաղ էր համարում, չէր ուզում յուր հացը բոլորովին կտրել և տալ ուրիշին։ Երբ որ գլխի ընկավ, որ Քաջիկն ավելի է հառաջ գնացել, քան թե պետք էր, սկսեց խեթ աչքով նայել նրա վրա և վերջը բանը մինչև այնտեղը հասավ, որ ուզեց սպանել նրան։

Բայց կինն էլ պակաս խորամանկ չէր։ նա էլ երբ որ իմացավ մարդու միտքը, ուզեց ազատել Քաջիկին, և ասաց նրան, որ խելագար ձևանա և այնպես ցույց տա, որ իբր թե էլ ոչինչ չի կարողանում սովորել և ինչ որ սովորել է, բոլորն էլ մոռացել է։

Քաջիկը ձևացրեց իրան իբրև խելագար՝ յուր սովորած արվեստի բոլոր ճարտարությամբ, դեղնեց, սփրթնեց և սկսեց խենթ ու խելառ, ինչ ասես, դուրս տալ գլխիցը և այնպիսի վտանգավոր բաներ անել, որ միայն խելագարը և գլխից ձեռք վերցրած մարդը կաներ։

— Խե՛ղճ տղա,— ասաց մեկ օր էլ կինը մարդուն, — շատ բան սովորելուց գժվեցավ…

Խորամանկ Ուխայը հեշտ և շուտ խաբվող չէր։ Նա ամեն հնար գործ գրավ, որ իմանա, թե արդյոք Քաջիկն ստո՛ւյգ խելագար է, թե ձևանում է միայն, բայց ի վերշո բոլորովին համոզվեցավ, որ Քաջիկի խելագարության մեջ ոչինչ կեղծիք չկա…

Հենց այդ ժամանակները Քաջիկի հայրը եկավ աղբուրից խմեց, ու՛խայ ասաց. Ուխայն իմացավ իսկույն և Քաջիկն տարավ տվավ հորը և ասաց.— Որդիդ հիվանդացավ, և ինչ որ սո վորել էր մոռացավ։ Տար տուն, երբ որ լավանա, էլի բեր մոտ։ Այս ասելուց հետո նրան մի քսակ ոսկի տվավ և ինքն անհայտացավ։

3

Ուխայը չասաց, թե քո որդին խելագարվել է, և լավ էր, որ չասաց, եթե ասեր, շատ վատ կլիներ Քաջիկի համար, նա այնուհետև ինչ խելոք բան էլ որ աներ, հորը խենթություն պիտի թվար։