Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/488

Այս էջը հաստատված է

ով գիտե ինչպես կլինի իմ էլ վախճանս։ Ես էլ մահկանացու եմ, ես էլ պետք է մեռնիմ, բայց ինձանից հետո էլ ո՞վ կիմանա, թե ո՛ր ցավն ինչպե՞ս էին բժշկում։ Եվ ի՛նչ հարկ թաքցնելու։ Գիտությունը թաքցնելը լավ բան չէ։ Արի ես աշակերտներ կհավաքեմ ամեն երկրից և ամենքին էլ ժշկություն կսովորեցնեմ…

Ճշմարիտ որ՝ Քաջիկի ժամանակ ով որ մի օգտակար բան գիտեր, ուրիշին չէր հայտնում, չէր սովորեցնում։ Ամեն մի բան գիտցող հարյուր որդուն էր սովորեցնում յուր գիտցածը, նրան էր հայտնում յուր արհեստի գաղտնիքը և այն էլ այն ժամանակ, երբ որ մեռնելիս էր լինում։ Հանկարծ մեռնողներն ու ժառանգ չունեցողները իրանց գիտությունն էլ տանում էին մյուս աշխարհք…

Քաջիկը մնաց նույն կղզու վրա և շարունակեց յուր վարպետի գործը։ Նա բաց արավ կողպած սենյակները և նրանցում գտավ շատ բժշկարաններ և այն գրքերից սովորեց այն բոլոր բաները, ինչ որ չէր սովորեցրել նրան յուր վարպետը։ Հետո յուր մոտ ժողովեց ամեն կողմից շատ աշակերտներ և ամենքին էլ սովորեցրեց բժշկության արվեստը։ Նրա աշակերտներն էլ աշակերտներ ունեցան և այսպիսով բժշկության արվեստը տարածվեցավ ամեն տեղ։ Քաջիկի աշակերտները ամեն տեղ գովում էին իրանց վարպետին և ասում էին, որ նա կարող է մեռածներին էլ կենդանություն տալ, բայց այդ բանը չի անում, որովհետև աստծո հրամանին ընդդեմ է համարում։

Ճշմարիտ որ Քաջիկը գտել էր մեռածին կենդանություն տալու դեղը, բայց երկար ժամանակ գործ չէր դնում։ Վերջը, ասած է՝ «Մեծ մարդիկների սխալն էլ մեծ կլինի», նա սկսեց մի քանի փորձեր անել։ Դրա համար բարկացավ Գաբրիել հրեշտակը և մտքումը դրեց պատժել Քաջիկին։

Մեկ անգամ Քաջիկը ժողովեց յուր աշակերտներից ավելի հմուտներին և ասաց նրանց. — Ես շատ եմ ծերացել, էլ առաջվա ուժը չունիմ։ Ուզում եմ վերանորոգվել, շահիլանալ, բայց առանց ձեր օգնության կարող չեմ։ Ես մի դեղ կխմեմ և կթմրեմ կամ կմեռնեմ, դուք կկտրեք իմ փորս և կուրծքս, այսինչ դեղերով կլվանաք բոլոր փորոտիքս ու թոքերս, կվերցնեք և գլխիս սկավառակը, ուղեղիս խորշերը կմաքրեք այսինչ դեղերով և կսրսկեք այսինչ դեղերը, հետո կմիացնեք ամեն բան ինչպես գիտեք: Երբ ամեն բան կվերջաց