Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/500

Այս էջը սրբագրված է

ձեռքումն էր, դողդողում է։ Եվ աղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով։


— Բելլերոֆոն, Բելլերոֆոն, նայիր, մեկ նայիր ջրի վրա...


Բելլերոֆոնը կռացավ շուտով, նայեց հայելու նման պարզ աղբյուրի՝ երեսին, և այնպես թվաց, որ տեսնում է նրանում պատկերացած մի ահագին, սպիտակ թռչնի կերպարանք, թռչում է բարձր, շատ բարձր, և արեգակը շողշողում է նրա արծաթափայլ թևերի վրա։


— Ի՜նչ հրաշալի, ի՛նչ փառավոր թռչուն է,— բացականչեց նա։ — Եվ ինչքան մեծ է։ Եվ գիտե՞ս, շատ էլ հեռու չպետք է լինի. սավառնում է ամպերից ցած։


— Ես դողում եմ ամբողջ մարմնով,— ասաց մանուկը։ — Վախենում եմ դեպի վեր նայել։ Ինչքան հրաշալի է։ Բայց ես չեմ վստահում ուղղակի նրա վրա նայել, այլ միայն ջրի միջով։ Մի՞թե չես տեսնում, Բելլերոֆոն, որ սա թռչուն չէ, այլ թևավոր ձի, նույն ինքը Պեգասն է սա։


Բելլերոֆոնի սիրտը գնաց։ Նայեց դեպի վեր, բայց չկարողացավ լավ նշմարել, թե նա ինչ է արդյոք, թռչուն, թե ձի, որովհետև նա անհայտացավ բարդ-բարդ կուտակված սպիտակ ամպերի մեջ։ Մի րոպե չանցած թռչողի կերպարանքը կրկին երևաց, նա իջնում էր դեպի գետին ալեծածան թռիչքով։ Այս միջոցին Բելլերոֆոնն իսկույն ճանկը ձգեց տղային և նրա հետ թաք կացավ իր խիտ թփերի մեջ, որոնցով՝ պարսպի պես շրջապատված էր աղբյուրը։ Նա Պեգասից երկյուղ չուներ, այլ վախենում էր միայն, թե միգուցե իրանը նկատե և սկսե ավելի բարձրանալ դեպի վեր։ Այս թռչողը ճշմարիտ որ թևավոր ձին էր։ Երկար սպասեցին նրան, և ահա վերջապես նա ուզեց իր ծարավը հագեցնել Պիրենայի աղբյուրից։


Օդեղեն հյուրն սկսեց իջնել ավելի ցածր և ցածր։ Թռչելիս ավելի մեծ շրջաններ և պտույտներ էր անում, ինչպես աղավնին է անում թռչելու պատրաստվելիս։ Որքան ցածրանում էր, այն¬ քան փոքրացնում էր իր շրջանները, մինչև վերջապես շփվեց գետնին՝ փափուկ բմբլի պես։ Նա իր չորս ոտները դրավ ավազի վրա այնքան մեղմ և անզգալի կերպով, որ ոչ մի խոտ չխշխշաց: Հրաշալի թևավոր ձին մեկնեց իր վեհապանծ գլուխը և սկսեց խմել, Նա մեծ զմայլմունքով էր ներս ծծում բերանով պայծառ հեղուկը, ուրախ փռնչում ու զինքը թափահարում. խմում է։