Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/503

Այս էջը սրբագրված է

առավ պահեց՝ իբրև Պեգասից և Բելլերոֆոնից մնացած հիշատակ։


Երբ որ Պեգասը, ինչպես ասացինք, ատամները սրած, դունչը մեկնեց, որ մեկ լավ կծե, Բելլերոֆոնը նրա այս դրությունից օգուտ քաղեց և կախարդված սանձի երասանակը ձգեց իսկույն թևավոր ձիու բերանը։ Եվ, ո՜վ հրաշք, Պեգասն իսկույն հանդարտվեց և դարձավ բոլորովին ձեռնասովոր մի ձի։ Ուղիղն ասեմ, ես շատ կափսոսայի և կցավեի, տեսնելով մարդուն հպատակած այնպիսի ազատ թռչնաձին, ինչպիսին Պեգասն էր։ Այս հանկարծակի փոփոխությունը ազատությունից դեպի ստրկություն, անզգալի չէր Պեգասի համար։ Նրա դեպի Բելլերոֆոնն ուղղած խելոք աչքերի մեջ արտասուքի պես բան երևացին։ Բայց երբ որ երիտասարդն սկսեց փաղաքշելով շփել նրա գլուխը և մի քանի քաղցր ու խաղաղացնող խոսքեր ասել, թեև տիրողի եղանակով,— այն ժամանակ թևավոր ձին ուրախության վրնջյուն բարձրացրեց։ Նա կարծես բավական մնաց իր ներկա վիճակից, որ նա, այնքան դարերից հետո վերջապես մի ընկեր ու հրամայող ունեցավ։ Երևի այսպես է որոշված բոլոր թևավոր ձիաների ճակատագիրը, և առհասարակ բոլոր վայրենի կենդանիների։ Հենց որ մի անգամ նվաճեցիր նրանց և տերը դարձար, նրանք այնուհետև կհպատակվեն քեզ և կընտանենան քեզ հետ։


Պեգասն ու Բելլերոֆոնը իրար հետ կռվելիս աննկատելի կերպով շատ հեռու էին թռել, մինչև հասել էին մի բարձր սարի։ Բելլերոֆոնն առաջ էլ էր տեսել այն սարը, գիտեր, որ նրա անունը Հելիկոն էր, գիտեր նմանապես, որ Պեգասը սովորաբար նրա գագաթի վրա էր արածում։ Բայց ձեռնասովոր դարձած թևավոր ձին այժմ զրկված էր իր ազատ կամքից, նա չէր համարձակվում թռչել դեպի իր ուզած կողմերը և շարունակ ետ էր մտիկ տալիս, կարծես կանգ առնելու հրաման լիներ ուզելիս: Վերջապես նա հանդարտ կերպով թռիչքն ուղղեց դեպի գետինը, անհամբեր սպասելով, թե ե՞րբ կիջնի արդյոք իրանից հեծյալը, Բելլերոֆոնը ցած թռավ նրա մեջքիցը, բայց ձեռքից չթողեց նրա սանձը, որ պինդ փաթաթել եր ձախ ձեռքի դաստակին։ Պեգասն անընդհատ նայում էր իր նոր տիրոջ վրա։ Նրա սիրուն և ազդու աչքերի մեջ երևում էր այնպիսի հեզություն, որ Բելլերոֆոնի խելքը տանում էր։ Նա սկսեց խղճալ գերի ընկած Պեգասին, որ դարերով ազատ էր ապրել, և վճռեց արձակել նրան և ազատ թողնել։ Մեծահոգության