Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/505

Այս էջը սրբագրված է

կարծում էին, որ թևավոր ձիով ճանապարհորդող սիրուն երիտասարդը Ոլիմպոսից կլինի իրանց մոտ հյուր եկած։ Պեգասի համար մեծ բան չէր օրական մի քանի հազար մղոն տեղ թռչելը։ Բելլերոֆոնը հափշտակվել էր այս տեսակ կյանք վարելուց, նա բոլոր կյանքն ուրախությամբ անց կկացներ մթնոլորտի վերին խավերում, ուր ամեն ժամանակ, ինչ տեսակ եղանակ էլ լիներ երկրիս վրա, միշտ պարզ էր և տաք։ Բայց նա չէր կարող մոռանալ իր տված խոստումը Հոբաթ թագավորին Քիմեռ֊Օշափին սպանելու մասին։ Երբ որ փոքր֊ինչ ընտելացավ օդային արշավանքներին և սովորեց Պեգասի հետ վարվել այնպես, որ նա իր տիրոջ ձեռքի տակ աննշան շարժումից և հազիվ լսելի ձայնից հասկանում էր նրա միտքը, այն ժամանակ մտքում վճռեց ձեռնարկել մտադրված վտանգավոր քաջագործությանը։

Եվ ահա մի առավոտ վաղ զարթնելով՝ թեթև կերպով կսմթեց Պեգասի ականջից, որ զարթեցնի նրան։ Սրա վրա Պեգասն իսկույն վեր կացավ տեղիցը և քառորդ մղոնաչափ մի ոստյուն արավ դեպի վեր, մի ակնթարթում պտտեց Հելիկոնի ամբողջ գագաթը, որ ցույց տա տիրոջը, թե ինքը բոլորովին սթափված է, թարմ է և պատրաստ՝ ուր ուզես թռչելու։ Այսպես ահա առավել ևս թարմանալով և ուրախ-ուրախ խրխնջալով՝ եկավ իր տիրոջ մոտ, բայց այնքան թեթև, որ կարծես ճնճղուկ լինի ոստից ոստ թռչկոտելիս։


— Շա՜տ լավ ես չափ ընկնում, սիրելի Պեգաս, հիանալի են թռիչքներդ,— գոչեց Բելլերոֆոնը և գուրգուրելով շփեց թևավոր ձիու գեղեցիկ պարանոցը։— ժամանակ է կարծեմ, որ քեզ հետ գնանք մեր գործին։ Այսօր ևեթ գնանք պատերազմելու Քիմեռշափի հետ։ Նախաճաշելուց և Իպոկրենայի պաղ աղբյուրի ջրից խմելուց հետո Պեգասս ինքը մեկնեց իր գլուխը սանձելու համար։ Մինչև Բելլերոֆոնը կզրահավորվեր, թուրը կկապեր կողքին, վահանը կկախեր, առհասարակ կզինավորվեր կռվի համար, Պեգասն անհամբերությունից ոտքով դոփում էր գետինը, խայտում, խաղում և ոստոստում։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, Բելլերոֆոնը հեծավ ձին՝ ըստ սովորության՝ շեշտակի դեպի վեր սլացավ մինչև հինգ մղոնաչափ, որ բարձրից մեկ չավ նայե ամեն կողմ, որոշե գնալու տեղը և դեպի նույն կողմն ուղղե իր թռիչքը։Նա Պեգասի գլուխը թեքեց դեպի արևելք և սլացավ ուղղակի դեպի Լիկիա։