Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/510

Այս էջը սրբագրված է

այնքան մեծ էր, որ Պեգասն իր տիրոջ հետ միասին, առանց իր երկար թևերը ծալելու, կարող էր ներս թռչել նրա միջով և անցնել կոկորդովը դեպի նրա անհագ, անհատակ որկորը։

Երբ որ նկատեց հրեշը, որ իր թշնամին հարձակվելու վրա է, սկսեց բառանչել և գետաչափ հրահեղեղ վիժել, որով խանձխնձեց Պեգասի քնքուշ թևերը և Բելլերոֆոնի բոլոր ձախ կողմի ոսկեմազ գանգուրները։ Բայց սրանով դեռ չանցավ վտանգը։

Առաջ թույլ տվավ, որ թևավոր ձին իր հեծյալով մի քիչ իրան մոտենա, ու հետո՝ մի հանկարծական ոստյունով ընկավ Պեգասի գավակը և իր բոլոր անճոռնի կազմվածքով կպավ նրանից ու սկսեց իր ճապուկ ու ջղային պոչը չվանի պես բոլորիշուրջ փաթաթել Պեգասին։ Այս գարշելի բեռով բարձված՝ ձին և ձիավորը թռան դեպի վեր և՛ վեր. նրանց ներքևում պսպղում էին արդեն լեռներն ու ամպերը, բայց նրանք էլի շարունակում էին իրանց թռիչքը։ Օշափը նրանցից չէր գջլվում և ավելի խոր էր ցցում իր գարշելի ճիրանները խեղճ Պեգասի մեջքին։ Այս միջոցին Բելլերոֆոնն շրջվեց և իր կուրծքն ու երեսի կեսը վահանով պատսպարելով, աչքն անակնթարթ ձգեց հրեշի աչքը: Մարդկային աչքի հայացքը կարող չէր տանել Օշափը. նա խփեց աչքերը առաջի թանթուլները մեկնեց, որ վահանի վրայից բռնե Բելլերոֆոնի գլուխը, բայց՝ բաց արավ իր կուրծքը, և Բելլերոֆոնը ներս ցցեց իր սուրը նրա կրծքի մեջ մինչև կոթը։ Հենց որ այս մահացու վերքն ստացավ Օշափը, նրա պոչն արձակվեցավ, և գարշելի հրեշը իր բոլոր թեփամորթ ջանդակով վայր կործանվելով՝ ընկավ մի բարձր ժայռի վրա. նրա փորոտիքից մի նոր կրակ բորբոքվեց և Քիմեռի բոլոր մարմինն սկսեց այրվել։ Երկրի վրայից՝ արևի մայր մտնելուց հետո՝ շատ մարդիկ նայեցան և տեսան, որ երկնքից գալարվելով՝ ներքև է թռչում մի գունդուկծիկ եղած ահռելի հրեղեն բան՝ երկար պոչով, շատ վախեցան և կարծեցին, թե միգուցե մի օդերևույթ կլինի կամ պոչավոր աստղ, մյուս օրը՝ վաղ առավոտյան, մի քանի երկրագործ գնացին աշխատելու իրանց ագարակում և այնտեղ սարսափելով տեսան, որ իրանց բոլոր արտերը սև մոխիրով են ծածկվել, իսկ արտերի տեղը ոսկորների մի կույտ կա, մեծությամբ մի ահագին դեզի չափ։ Այդ օրվանից մինչև օրս ոչ մի մարդ այլևս տեսած չէ Օշափին։


Այս փայլուն և փառավոր հաղթանակը տանելուց հետո