Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/516

Այս էջը հաստատված է

սկսեց ձին ման ածել, որ հանգստացնե հոգնածությունից։ Երբ որ ձին կապեց և խոտ տվավ, սկսեց իրան՝ սովդաքարին ծառայել և կերակուր պատրաստել։ Սովդաքարին շատ դուր եկավ Այծատուրը. նրա քաղաքավարի խոսք ու զրույցը, շարժմունքը, ճարպիկությունը սովդաքարի ուշադրությունն այնպես գրավեցին, որ ուզեց նրան իր մոտ վերցնել։ Սկսեց հարցուփորձ անել և տղան պարզամտությամբ պատմեց իր ծագումը, ինչպես որ լսել էր, և իբրև ապացույց իր ասածի ճշմարտության, վկա բերավ իր Այծատուր անունը։

Սովդաքարն իսկույն մատը կծեց.— Հը՜մ, — ասաց իր մտքումը,— սա իմ վերցրած մանուկը պետք է լինի, և հենց այստեղ էլ հրամայեցի, որ սպանեն նրան, բայց բանից դուրս է գալիս, որ ծառան չի կատարել իմ հրամանը, և հենց տարիքն էլ համապատասխանում է նույն տարվան։

—Այծատուր որդի,— ասաց սովդաքարը,— կուզե՞ս ինձ մոտ մնալ, ես քեզ կնշանակեմ գլխավոր վերակացու իմ բոլոր ունեցած-չունեցածի վրա, դու խելոք տղա ես երևում, լավ ապագա կունենաս.

— Ես այդպիսի բախտից փախչող չեմ,— ասաց Այծատուրը,— երբ որ դուք այդչափ ողորմած և բարի կլինեք դեպի ինձ, ես էլ կաշխատեմ երախտահատույց լինել և հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալ ձեզ մոտ։

Ինչ ասել կուզե, որ սովդաքարի նպատակը չար էր։ Նա ոչ թե Այծատուրի բախտը, այլ նրա անբախտությունն ու մահն էր ուզում։

Այծատուրը հուսաdրելով իր խնամակալ պառավին, որ շուտով ետ կդառնա և նրան մենակ չի թողնիլ, մնաս բարև արավ, գնաց սովդաքարի հետ։

5

Մեծ հարստության տեր էր սովդաքարը։ Երբ որ նրա քարավանի ծայրը բացվում էր, էլ վերջը չէր կտրվում։ Հազարավոր ուղտեր, ձիանք և ջորիք միայն նրա վաճառքն էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխում։ Ի՜նչ ճոթեղեն, ի՜նչ ակնեղեն, ինչ մրգեղեն ու համեմունք ասես, որ նա չուներ։ Ով ինչ ուներ