Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/521

Այս էջը սրբագրված է

Այստեղ մարդը գլխի ընկավ, որ՝ իր նամակի բովանդակությունը փոխված է, և կասկած տարավ Այծատուրի վրա, թե նա ինքը կլիներ փոխած, և մտածեց վրեժխնդիր լինել:


Մյուս օրը գնաց իր այգին, այգեպանին պատվիրեց մի խոր հոր փորել և ամբողջ գիշեր կրակ վառել նրանում. իսկ վաղը առավոտյան,– ասաց,— մի մարդ կուղարկեմ այստեղ, հենց որ մտնի թե չէ, բռնեցեք և ձգեցեք նույն հորի մեջ և վրան նոր ցախ ածեցեք և այրեցեք։


Սովդաքարն ինչպես ասաց, այգեպաններն էլ այնպես պատրաստեցին


Երեկոյան ընթրիքի ժամանակ սովդաքարը դառնալով Այծատոլրին ասաց.


— Ես թեպետ գրեցի, որ պսակն առանց ինձ կատարվի, բայց հիմա տեսնում եմ, որ շատ եմ շտապել։ Այդ նրա համար արի, որ ինձ շատ դյուր եկար։ Ի՞նչ կասեն քաղաքացիք, չե՞ն ասիլ, թե ինչո՞ւ ժլատություն արավ և պսակն առանց հրավերքի կատարեց։ Վաղը պետը է մեծ հրավերք սարքեմ և ես ինքս կտեսնեմ բոլոր պատրաստությունը։ Քեզ կխնդրեմ միայն, որ գնաս այգին և այնտեղ թարմ մրգեղենի պատրաստությունը ինքդ տեսնես, չմոռանաս նաև թարմ ծաղիկներից բազմաթիվ փունջեր շինել տալ։


Մյուս օրը Այծատուրը վեր կացավ, պատրաստվեց, որ գնա այգի: ճանապարհին, աղոթատան մոտովն անցնելիս, միտն ընկավ, որ օրը կյուրակե է, և ամբողջ ժողովուրդը աղոթքի է կանգնած։ — Գնամ, ես էլ կատարեմ իմ աղոթքը, աստծուն փառաբանություն տամ. դեռ վաղ է, չեմ ուշանալ ճաշվա համար հարկավոր եղածը պատրաստել։


Այծատուրը մտավ աղոթատուն և երկար մնաց այնտեղ։


Սովդաքարի սիրտը տրըփում էր անհանգստությունից, նրա համար մի ժամը տարու չափ երկարանում էր: Մի երկու ժամից հետո շտապեց դեպի այգին, որ տեսնե՝ իր հրամանը կատարվա՞ծ է արդյոք: Այգին մտավ թե չէ՝ նրան ցիմ–ցիմ վերցրին այգեպանները և ձգեցին հրաբորբոք հորի մեջ և իսկույն նորանոր ցախ ու փայտ թափեցին մեջը: Դեռ հորը չընկած՝ շատ աղաղակեց, թե ես ձեր տերն եմ, ձեր աղան եմ, բայց ոչ ոք չլսեց, կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել էին։


Այս դեպքից երկու ժամ չանցած՝ Այծատուրը գնաց։ Նրան ընդունեցին իբրև իրանց տիրոջը և հայտնեցին, որ նրա հրամանը