Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/531

Այս էջը սրբագրված է

Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ոչ քաղաք գտավ, ոչ գյուղ. տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթախը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունեին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

- Ա՛յ կնիկ, այս քանի օր է, ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում։

Կնիկն էլ ասաց.

- Այ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում, ուրեմն մենք երկուսս էլ քաղցած ենք մնում, չլինի՞ թե մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։

- Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում, երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ի՞նչ է, հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն ձեռքդ մեկնիր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։ Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթախին իրանց ճանկը գցեցին։

- Ո՞վ ես դու,— ասացին,— ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։

Թաթախն ասաց.— Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ,ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։