Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/545

Այս էջը հաստատված է

սահատվիլս ու մեռնիլս միասին կլինի։ Գթա՛ ինձ, օրհնիր մեզ և ճամփա դիր։

- Մի՛ հավատար, հայր,— մեջ ընկավ Աստղիկը.— ո՞վ է մեռել սիրուց, որ եղբայրս մեռնի։ Պարապությունից խենթություն է եկել վրան։ Պատերազմ հայտնիր Անդաս թաղավորի դեմ, թող երթա՝ այնտեղ ցրվե իր ցնորքները…

-Քո՜ւյր իմ, սիրելի՜ քույր…— բացականչեց Վուրգը, աղաչողական հայացք ձգելով Աստղիկի վրա։

— Եղբա՜յր իմ, սիրելի եղբայր,– պատասխանեց Աստղիկը, այնպիսի մի հայացք ձգելով Արսենի վրա, որի մեջ ամփոփված էր մի ամբողջ վեպ։

Վուրգն իմացավ, որ քույրը նույնպես սիրահարված է, և եթե իր սերը պահանջում էր հեռանալ, քրոջ սերը, ընդհակառակը, պահանջում էր չհեռանալ։

- Գնանք, գնանք.— ասաց Արսենը։– Մենք մեզ կհանձնենք աստուծո կամքին. ինչպես նա կտնօրինե, մենք էլ այնպես կվարվենք

6

- Վճռվա՛ծ է,— բացականչեց Արսենը Վուրգի ներկայությանը, իբր ինքն իրան խոսելով.— պետք է գնանք, պետք է գնալ անպատճառ… Ես Աստղիկի սիրույն ինձ արժանի չեմ համարիլ, մինչև նրա եղբորը չհասցնեմ իր մուրազին։ Ո՞վ եմ ես, ո՞վ է իմ հայրը, մայրը… Ասլան Բալա… դատարկ հնչյուն, որ ոչ մի եղանակ չունի։ Ի՞նչ եմ արել, ինչո՞վ եմ բարձրացրել այդ անունը, ինչո՞վ եմ պատվել իմ առյուծ դայակիս կաթի արժեքը… Ո՛չ, ես առյուծի կաթ չեմ ծծել ուրեմն… Գնանք, գնանք, Վուրգ… Դեռ հայտնի չէ, թե մեր երկուսից ո՞րն է ավելի սիրահարված, և որի՞ առջև կան ավելի խոշոր բարոյական խոչընդոտներ։ Գնանք, հոգիս, գնանք, փետրավորվենք սիրո թևերով և սլանանք դեպի վեր և վեր… Ա՛հ, ի՞նչ օր կլինի, երբ մենք արդեն Սև Բերդումը կլինենք…

Մեր քաջերը, այսպես ոգևորված, գնացին թանգարանը, ընտրեցին իրանց ուզած զենք ու զրահը, վերցրին մեկ-մեկ հատ