Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/546

Այս էջը հաստատված է

հին, պապական աղոթած թրեր, որոնցով քար ու երկաթ կարելի էր կտրել, թամքեցին թռչկան ձիաները և «որսի ենք գնում» ասելով, ձիանը հեծնելն ու անհետանալը մեկ արին։ Օրեր անցան, մեր տղերքը չերևացին։ Նոր գլխի ընկան, թե ուր կլինին գնացած…

7

Յոթը-Լեռան քամակին, Սև Բերդումը Անտես-Աննմանի հսկա եղբայրները մեծ տոն էին կատարում իրանց արած հաղթությունների համար: Յոթը դևի գլուխ էին կտրել և յոթն աղջիկ ազատել գերությունից։ Իրանք էլ յոթը եղբայր էին ընդամենը, թեև նրանց համբավը քառասունի էր հասել, յոթն էլ պսակվել էին գերությունից ազատված յոթն աղջկերանց վրա։ Ամենքն էլ ուրախ ու զվարթ էին, տխուր էր միայն Անտես-Աննմանը։

- Ինչո՞ւ այդչափ տխուր ես, քույր իմ,— ասաց մեծ եղբայրը։ — Յոթը եղբայր ունիս, յոթն էլ քեզ համար գլուխը ետ դրած, հիմա էլ յոթը հարս ունիս, ամենքն էլ քո աղախինդ լինելու պատրաստ, թեև բոլորն էլ մեծ իշխանների և թագավորների աղջկերք են։ Եթե մեկ հոգս ունիս, ասա մեզ, մենք պատրաստ ենք կատարելու քո ամեն մի չնչին քմույշն անգամ։

— Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչի եմ տխուր,— ասաց Աննմանը,— այս գիշեր մի երազ տեսա, երևի նրանից է…

— Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես տեսել, ասա մեզ,– կրկնեցին բոլոր եղբայրները:

— Երազումս տեսնում էի երկնքից իջած երկու հրեշտակ, մինը քան զմյուսը գեղեցիկ։ Մեկը թուր ուներ ձեռին, իսկ մյուսը մի փունջ ծաղիկ։ Թրավորը թուրը շողշողացնում էր ձեր գլխներին, իսկ փնջավորը դեմ էր անում ինձ իր հոտավետ փունջը։ Այս երազիս մեջ էի, մեկ էլ պատուհանիս առջև մի թռչնիկի ձայն լսեցի, որ երգում էր «Վուրգ-Վուրգ-Վո՛ւրգ»։ Այս անվան վրա ես զարթնեցի և մի կերպ եղա, քիչ մնաց սիրտս գնում էր։ Կարծես թոչնիկր այն հրեշտակի անունովը տվավ, որ ինձ մի փունջ ընծայեց, և ինչքան գեղեցիկ էր նա, ինչքա՜ն, ինչքա՜ն…

Ասաց քույրը և արտասուքն աչքերին հեոացավ եղբայրներից, որ իր ներքին հուզմունքն ու շփոթությունը ծածկե նրանցից: