Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/547

Այս էջը հաստատված է

— Մեր քույրն իր բութան սաացել է,— ասաց մեծ եղբայրը.– եթե այդ բութան տվողը գա, մենք պիտի հաղթվենք։ Սրի շողշողալը մեր հաղթվելն է նշանակում։

— Եվ կարծեմ ժամանակն էլ է, որ մեր քույրն իր մուրազին հասնի,– ասաց փոքր եղբայրը,— բավական է, որքան արյուն թափեցինք դրա համար։ Այսուհետև ով որ գա, իմ գլխի վրա տեղ ունի։

— Այդ շատ լավ ես ասում,— ասաց մի ուրիշը,— բայց կարելի է, թե եկողը նրա Վուրգը չէ, այլ մի ուրիշը, մի՞թե մենք պետք է ամեն եկողի տանք մեր քույրը։

— Ո՛չ, ո՛չ,— ձայն տվին ամեն կողմից,— թող մեր գլխին թուր շողշողա, և մեր քույրը իր ուզածին գնա։

Այսպես խոսեցին եղբայրները, բայց ամենի սիրտն էլ այնպիսի մի ահ ընկավ, որ մինչև այդ օրը նրանցից ոչ մեկն զգացած չէր։

8

Մեր տղերքը ուղիղ յոթն օր ճանապարհ գնացին, ճամփին շատ չար ու բարի տեսան, շատ տեղ հայտնեցին իրանց ճամփորդության նպատակը, շատերից սարսափելի վտանգներ լսեցին, բայց իրանք աներկյուղ շարունակեցին իրանց ճամփան մինչև հասան Սև Բերդի սահմանը։

Մի անտառապատ և բարձր լեռան վրա էր Սև Բերդը։ Երբ մոտեցան բերդին, իջան մի գեղեցիկ ծաղկավետ հովտի մեջ մի աղբյուրի վրա։

- Դու փայտ հավաքիր և կրակ վառիր,— ասաց Արսենը,— իսկ ես մեկ կբարձրանամ դեպի այս ձորի խորքը, կարելի է մեկ որս ճանկեմ։ Հետքեր շատ կան այստեղ լավ որսի տեղ է։

Արսենը գնաց, իսկ Վուրգը, փոխանակ փայտ հավաքելու, սկսեց ծաղիկ քաղել և շատ ճաշակով մի գեղեցիկ փունջ կապեց։

Մինչև Վարգն իր փունջը կկապեր, Արսենը եկավ մի ահագին վարազ շալակած։

- Ո՞ւր է կրակը,— հարցրեց Արսենը։

- Կրակը սրտումս է,— պատասխանեց Վարգը։— Ես Անտեսիս համար տես ի՜նչ գեղեցիկ փունջ եմ կապել։

- Ուրեմն դու դեռ ջուրը չտեսած ոտներդ հանել ես արդեն։